Լուրեր
Ազգային ժողովում հյուրընկալվեցին սփյուռքահայ լրագրողները
06.10.2012
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները: Խորհրդարանի նիստերի դահլիճում հյուրերը հանդիպում ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Ողջունելով սփյուռքահայ լրագրողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածաքն ու օրենսդիր մարմնի գործունեության ուղղությունները: Նա մեծապես կարեւորեց լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս գտնել հայկական տեղեկատվական դաշտի համագործակցության հնարավորություններն ու եղանակները: ԱԺ փոխնախագահն ընդգծեց այն նշանակալի դերակատարությունը, որ ունեն Սփյուռքի լրատվամիջոցներն ազգային ոգու, լեզվի ու մշակույթի պահպանման, համահայկական խնդիրները նաեւ միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու հարցում:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց սփյուռքահայ լրագրողների հարցերին:
Հյուրերը շրջեցին ԱԺ սրահներում, ծանոթացան խորհրդարանական առօրյային: