Լուրեր
Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
03.10.2012
Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:
Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարակից ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության տեսակետը հաշվետվության վերաբերյալ եւս դրական է:
«ՀԱԿ» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը եւ «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը բացասաբար գնահատեցին ներկայացված հաշվետվությունը` մասնավորապես նկատի ունենալով գնաճը զսպելուն ուղղված քայլերը, իրականացված դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական շուկայի կարգավորման մեխանիզմները:
«ՀԱԿ» խմբակցության բացասական դիրքորոշումը հաշվետվության վերաբերյալ ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Վերլուծելով նախագծում ներկայացված ցուցանիշները` նա ասաց, որ «ՀԱԿ» խմբակցության կարծիքով `ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ` խորհրդարանն սկսեց քննարկել «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»: Մինչ հաշվետվութանն անդրադառնալը Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին` մշտական հանձնաժողովներում հաշվետվությունը մանրամասն եւ արդյունավետ քննարկելու համար:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ 2011 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունը պայմանավորված է եղել ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային քաղաքականությամբ եւ միջազգային շուկաներում ձեւավորված իրավիճակով, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության տեսակետներից:
2011 թվականին առաջնային է համարվել տնտեսության աճի շարունակականության ապահովումը:
2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մշակվել եւ իրականացվել է հակաճգնաժամային քաղաքականություն, որի նպատակն է եղել տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիայի ապահովումը եւ արդյունաբերական քաղաքականության իրականացումը: Արդյունքում` 2010 թվականին արձանագրվել է 2 տոկոս տնտեսական աճ, իսկ արդեն 2011 թվականին այդ ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է եղել: Այս իմաստով 2011 թվականը կառավարության ղեկավարը բեկումնային համարեց:
ՀՀ վարչապետը կարեւորեց, որ 2012 թվականին եւս այդ քաղաքականությունը շարունակվում է. նշվեց, որ այսօր արդեն արձանագրվել է շուրջ 7 տոկոս տնտեսական աճ:
Անդրադառնալով հաշվետու տարում արձանագրված բարձր գնաճային ցուցանիշներին` Տիգրան Սարգսյանն ասաց, որ դրանք պայմանավորված են եղել ներքին եւ արտաքին գործոններով: Մասնավորապես, 2009 թվականին իրականացվել է ընդլայնողական քաղաքականություն` ավելացնելով պետական բյուջեի դեֆիցիտը, ներգրավելով ֆինանսական միջոցներ, որոնք առաջին հերթին ուղղվել են սոցիալական ոլորտում պարտավորությունների կատարմանը` չկրճատելով նպաստներն ու թոշակները: Ավելին` դրանք ավելացվել են, որպեսզի ապահովվի բնակչության գնողունակությունը:
Ըստ վարչապետի` հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ հաշվետու տարում էապես կրճատվել է գնաճը` հասնելով թիրախավորված 4 տոկոսի : Տնտեսական աճի զարգացման նպատակով բարելավվել է բիզնես միջավայրը. ընդունվել են օրենքներ, բարեփոխվել է հարկային եւ մաքսային վարչարարությունը, պարզեցվել է լիցենզավորման գործընթացը, կրճատվել են բյուրոկրատական քաշքշուկները, ներդրվել է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակը, որոնք միտված են նպաստելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:
Տիգրան Սարգսյանը նկատեց, որ կառավարությունն իր ծախսերը կատարում է թափանցիկ. յուրաքանչյուր ծախսի վերաբերյալ կա տեղեկատվություն, եւ յուրաքանչյուր հետաքրքրվող քաղաքացի հնարավորություն ունի առցանց տեղեկանալու դրա մասին:
«ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ ֆինանսական ցուցանիշները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
2011 թվականի պետական բյուջեով ծրագրվել էր ստանալ ավելի քան 852.4 մլրդ դրամ եկամուտներ, որից 796.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 56 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.7 մլրդ դրամով (3.6%-ով) եւ կազմել շուրջ 883.2 մլրդ դրամ, որից 818.5 մլրդ դրամը` սեփական եկամուտներից, 64.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհներից: 2011 թվականի փաստացի եկամուտները կազմել են 880.9 մլրդ դրամ:
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,001.1 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրը ավելացվել է 40.9 մլրդ դրամով (4.1% ով) եւ կազմել շուրջ 1,042.0 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 986.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 94.7% կատարողական
Գլխավոր գանձապետը նշեց, որ հարկային եկամուտների ամսական շարժի դիտարկումը հնարավորություն է տալիս դատողություններ անել այն մասին, որ հարկային եկամուտներն ունեցել են հիմնականում կայուն վարքագիծ. տարվա բոլոր ամիսներին արձանագրվել է մուտքերի աճ` տարվա ընթացքում ապահովելով ինչպես կառավարության կողմից եռամսյակային համամասնություններով սահմանված հարկային եկամուտների եռամսյակային ծրագրերը, այնպես էլ ամսական կանխատեսումները: Տեղեկացվեց, որ հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքը աճել են մոտ 60 մլրդ դրամով կամ 10.1 տոկոսով: 2011 թվականին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 632 մլրդ դրամ հարկային եկամուտներ` 100 %-ով ապահովելով ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշի կատարումը եւ 10 %-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: 2010 թվականի համեմատ հարկային եկամուտների կազմում գրանցվել է ուղղակի հարկերի տեսակարար կշռի աճ. եկամտահարկի եւ շահութահարկի տեսակարար կշիռն աճել է 1.9 %-ային կետով եւ կազմել 28. 3 %: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` հաշվետու տարում պետական բյուջեն 22.4 մլրդ դրամի չափով համալրվել է պետական տուրքերի հաշվին` ապահովելով բյուջեի եկամուտների 2.5 %-ը: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ պետական տուրքերի ցուցանիշը արձանագրվել է 2.3 մլրդ դրամով ավելի: Սոցիալական պարտադիր ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները հաշվետու տարում կազմել են 123.4 մլրդ դրամ` ապահովելով 100 % կատարողոկան: Գլխավոր գանձապետն նշեց, որ 2010 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 18.1 մլրդ դրամով: Հաշվետու տարում այլ եկամուտների հաշվին պետական բյուջեն համալրվել է 44 մլրդ դրամով:
Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին: Ըստ նրա` 2011 թվականին Հայաստանի տնտեսության զարգացումները բնութագրվել են տնտեսական ակտիվության արագացմամբ եւ մակրոտնտեսական կայունության բարելավմամբ: 2011 թվականի տնտեսական աճի ցուցանիշը կրկնակի անգամ գերազանցել է նախորդ տարվա 2.1 %-ի մակարդակը: Տեղեկացվեց, որ 2011 թվականին ՀՀ մակրոտնտեսական միջավայրի հիմնական զարգացումները պայմանավորված են եղել համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնմամբ եւ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ազդեցությունների դրսեւորմամբ: Հարկաբյուջետային քաղաքականությունը ուղեկցվել է պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը: Նշվեց, որ նման հարկաբյուջետային քաղաքականությանը զուգահեռ ՀՀ կենտրոնական բանկը տարեսկզբից խստացրել է դրամավարկային պայմանները: Տարվա երկրորդ կեսից գնաճային միջավայրի աստիճանաբար մեղմման պայմաներում ՀՀ կենտրոնական բանկը հիմնականում վարել է չեզոք դրամավարկային քաղաքականություն` անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ՀՀ տնտեսական աճի նախանշված մակարդակի ապահովումն անդրադարձել է նաեւ պետական բյուջեի եկամուտների վրա` նպաստելով պետական բյուջեի հարկային եկամուտների` տարվա համար ծրագրված մակարդակին համապատասխան հավաքագրմանը: Արդյունքում պետական բյուջեի տարեկան եկամուտների գծով արձանագրվել է 12.9 տոկոս աճ:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությամբ` պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը: Լեւոն Յոլյանը նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության նպատակով անհրաժեշտ է, որ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին ամրագրված բոլոր բյուջետային միջոցները հաշվեգրվեն, շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով:
Հարակից ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2011 թվականի հետճգնաժամային երկրորդ տարում շարունակվեց տնտեսության վերականգնման գործընթացը, որը, ըստ հանձնաժողովի նախագահի, էական բարեփոխումներ արձանագրեց:
ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանն սկսվելու պատճառով քննարկումն ընդհատվեց: ԱԺ պատգամավորները հարցի քննարկումը կշարունակեն հոկտեմբերի 4-ի նիստում: