Լուրեր
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր
30.09.2012
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։
Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում, նշելով. «Դատապարտում ենք Ցեղասպանությունն ու պարտավորվում խաղաղություն հաստատել եւ պաշտպանել մարդու իրավունքները»։
Վոլֆգանգ Թիրզեն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց. «Գերմանական ժողովուրդը հիշում է 20-րդ դարում նաեւ տարբեր ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները։ Գերմանիայի Բունդեսթագը 2005 թվականին իր որոշմամբ դատապարտել է հայ ժողովրդի ջարդերը եւ դիրքորոշում հայտնել այդ պատմական իրադարձությունների առնչությամբ։ Մենք կարծում ենք, որ այդպիսի պատմական իրադարձությունները պետք է արժանանան գնահատանքի եւ դատապարտվեն»: