Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
28.09.2012
Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումը, նկատել է, որ այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների շարունակական սերտացման ևս մեկ կարևոր դրսևորում է, ինչը զարգացման լայն դաշտ և հեռանկար ունի.<<Երևանն այսօր հսկայական ներուժ ունի, և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի տնտեսական առաջընթացին: Օգտվելով առիթից նաև շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Մարգարյան, որ շատ արագ արձագանքեցիք մեր առաջարկին, ու այսօր Երևանը և Ստեփանակերտը դարձան գործընկեր քաղաքներ>>,- նշել է Բակո Սահակյանը:Շնորհակալություն հայտնելով ԼՂՀ նախագահին ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության ուղղություններն ու վստահեցրել, որ ըստ ոլորտների ձևավորված աշխատանքային խմբերի կողմից առաջնահերթությունների հստակեցումից հետո կարճ ժամանակում գործնական հիմքերի վրա կդրվեն համագործակցության ծրագրերը: Քաղաքապետը հույս է հայտնել, որ արդյունքները ևս երկար սպասել չեն տա.<<Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն իսկապես մեծ փորձ ունեն, և մենք սիրով այն կփոխանցենք մեր գործընկերներին, ինչը, վստահ եմ, մեծապես կնպաստի Ստեփանակերտի արդյունավետ կառավարման ու զարգացման գործին>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանը պատրաստ է համագործակցության ձեռք մեկնել նաև ԼՂՀ մյուս համայնքներին: