Լուրեր

2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

26.09.2012

Սեպտեմբերի 26-ին ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում իրականացված ծրագրերը, 2011 թվականին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քննարկվող ծրագրերի շրջանակներում պետական մարմինների ստանձնած բոլոր պարտավորությունների դիմաց վճարումները կատարվել են ամբողջությամբ եւ ժամանակին: Ներկայացնելով յուրաքանչյուր ոլորտում առկա բյուջետային խնդիրների ընդհանուր վիճակը` նա անդրադարձավ նաեւ կոնկրետ ծրագրերի ֆինանսական ցուցանիշներին: Հանրապետության գլխավոր գանձապետի խոսքով` նախատեսված ծրագրերը հիմնականում կատարվել են 100 տոկոսով: Կրթության բնագավառին հաշվետու տարում հատկացվել է 107,1 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 99, 04 տոկոս կատարողական: Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված 19, 97 մլրդ դրամն օգտագործվել է 96,06 տոկոսով: Բյուջետային դասակարգման «Հանգիստ, մշակույթ եւ կրոն» բաժիննն ունեցել է 17,8 մլրդ դրամի բյուջե, եւ արձանագրվել է 98,76 տոկոս կատարողական:

Կրթության եւ գիտության նախարությունը հաշվետու տարում սահմանված է եղել որպես 64 ծրագրերի կատարման պատասխանատու, որոնց իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ են հատկացվել: 29, 3 մլրդ դրամի բյուջեի դիմաց արձանագրվել է 99,32 տոկոս կատարողական:

Մշակույթի նախարարությանը ծրագրերի իրականացման համար հաշվետու տարում նախատեսված է եղել 9 մլրդ 13 մլն դրամ, արձանագրվել է 99,96 տոկոս կատարողական: Նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 45 ծրագիր: 356 մլն դրամ է տրամադրվել կառավարության պահուստային ֆոնդից, որն օգտագործվել է 99,9 տոկոսով:

Սփյուռքի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 17 բյուջետային ծրագրեր: Նախարարության բյուջեն կազմել է 685,3 մլն դրամ, որն օգտագործվել է 98,25 տոկոսով: Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 6 միլիոն դրամ. այն օգտագործվել է 88,75 տոկոսով:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը բյուջետային ծրագրերի իրականացման համար հատկացված 4 մլրդ 344 մլն դրամն օգտագործվել է 95 տոկոսով: Նույնքան է նաեւ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 272,9 մլն դրամի միջոցների կատարողականը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջեն 212.99 մլն դրամ է եղել, որն օգտագործվել է 97,91 տոկոսով:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին բյուջետային ծրագրերի համար հատկացվել է 3 մլրդ 433 մլն դրամ: Կատարողականը եղել է 99,9 տոկոս:

Բյուջետային ծրագրերի իրականացման բովադակային կողմը ներկայացրին հաշվետու նախարարությունների ղեկավարները:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2011 թվականը նախարարության համար եղել է առանցքային, քանի որ լրանում է վերջինիս ստեղծման 3 տարին, ինչը լավ առիթ է ամփոփելու հայրենիք-սփյուռք գործակցության քաղաքականության արդյունքները, ի մի բերելու համազգային-համահայկական օրակարգը: Նրա խոսքով` ի տարբերություն այլ նախարարությունների, Սփյուռքի նախարարության գործունեությունը, ծրագրերի իրականացումը հնարավոր է դառնում միայն սփյուռքահայության համաձայնությունն ունենալու դեպքում, հակառակ դեպքում նախարարությունում մշակված ծրագրերը կարող են մնալ թղթի վրա: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք հաշվետու տարում իրականացրել է Սփյուռքի նախարարությունը` նպաստելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը:

Կրթության ոլորտում իրականացված ծրագրերի բովանդակային հաշվետվությունը ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ կրթության բնագավառի 2011 թվականի գերակա խնդիրներն են եղել նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության զարգացումը, բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների: Պատասխանելով պատգամավորների՝ դպրոցներում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ մտահոգություններին՝ նախարարը նշեց, որ կատարված աշխատանքի համեմատ այդ ռիսկերը դանդաղ տեմպերով են վերանում, չնայած որ արդեն կա մեծ առաջընթաց:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց նախարարության կողմից 2011 թ. իրականացված ծրագրերի հաշվետվությունը: Նախարարը մասնավորապես անդրադարձավ եւ կարեւորեց մշակութային ժառանգության հիմքերի պահպանությանն ուղղված ծրագրերը, շինարարական դպրոց-արհեստանոցի հիմնումը, կտավի վերականգնման կենտրոնների ստեղծումը, հնագիտական իրերի վերականգնման կենտրոնի հետ կապված համագործակցությունը ճապոնական կողմի հետ, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հուշարձանների վերականգման ոլորտում:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտներում իրականացված ծրագրերի հաշվետվությունը ներկայացրեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնելով տարբեր մարզաձեւերում գրանցված հաջողությունները՝ նախարարն անդրադարձավ նաեւ ոլորտում բացթողումներին եւ զարգացման հեռանկարներին:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բյուջետային ծրագրերի հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, իսկ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ծրագրային հաշվետվությունը՝ խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը:

Նույն օրը գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես եկան առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են 8,14 մլրդ դրամ կամ ծրագրվածի 90,15%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել է 25 ծրագիր:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) աջակցությամբ իրականացվող «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 624.8 մլն դրամ, որից 537.2 մլն դրամը` վարկային միջոցներից, 87.5 մլն դրամը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ծախսերը, պայմանավորված շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման ու այլ ծախսերի գերազանցման հանգամանքով, 28.3%-ով գերազանցել են նախատեսված ցուցանիշը:

«Գյուղական կարողությունների ստեղծում» վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 544.4 մլն դրամ, որից 110.6 մլն դրամը` վարկային միջոցներից, 433.7 մլն դրամը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ծախսերը 64.1%-ով զիջել են նախատեսված ցուցանիշը:

ՀԲ աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 492.5 մլն դրամ, որից 381 մլն դրամը` վարկային միջոցներից, 111.4 մլն դրամը` ՀՀ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ծախսերը 41.7%-ով զիջել են նախատեսված ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ծրագիրն ուժի մեջ է մտել նախատեսվածից 7 ամիս ուշացումով:

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծախսերը կազմել են ավելի քան 888.8 մլն դրամ կամ նախատեսվածի 92.1%-ը, որը պայմանավորված է տնտեսումներով: 2010 թվականի համեմատ ծախսերը նվազել են 10.4%-ով կամ 102.7 մլն դրամով:

Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության ծախսերը կազմել են 1.4 մլրդ դրամ` ապահովելով 94.8% կատարողական: Շեղումը պայմանավորված է կանխատեսված եւ փաստացի փոխարժեքների տարբերությամբ:

822.8 մլն դրամ է տրամադրվել անտառային տնտեսության ոլորտին` ապահովելով 102.9% կատարողական, իսկ ՀԲ աջակցությամբ իրականացվող անտառների պետական մոնիթորինգի հզորացման դրամաշնորհային ծրագրի իրականացման համար ծախսվել է 60.1 մլն դրամ` 62.1%-ով գերազանցելով ծրագրված ցուցանիշը:

Տարբեր ծրագրերի իրականացման նպատակով պետության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 2,5 մլրդ դրամ:

Ոռոգման ծախսերի համար հատկացվել է 35.8 մլրդ դրամ կամ ծրագրվածի 96%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր:

«Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ 26 մլրդ դրամն ամբողջությամբ օգտագործվել է:

ՀԲ աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան 2.3 մլրդ դրամ, որից 1.8 մլրդ դրամը` վարկային միջոցներից, 515 մլն դրամը` կառավարության համաֆինանսավորման հաշվին:

Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին տրամադրվել է 4.2 մլրդ դրամ աջակցություն: Ծառայություններ են մատուցվել 44 ջրoգտագործող ընկերությունների: 2010 թվականի համեմատ նշված ծախսերի 12.1%-ով կամ 576.5 մլն դրամով նվազումը պայմանավորված է ըստ տարիների սուբսիդիայի կրճատման սցենարի:

Ոռոգման համակարգերի հիմնանորոգմանն ուղղվել է 1.2 մլրդ դրամ` ապահովելով 97.9% կատարողական: Շեղումը պայմանավորված է ծառայությունների մատուցման ավելի ցածր արժեքով:

2011 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 6.6 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 74.6%-ը` 2010 թվականի համեմատ 34.6%-ով կամ 1.7 մլրդ դրամով ավել` հիմնականում պայմանավորված արտաքին աջակցության ավելացմամբ:

Աղբահանության գծով կատարված ծախսերը կազմել են 43.1 մլն դրամ, օդի աղտոտման դեմ պայքարին ուղղվել է 121.6 մլն դրամ:

Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության ծրագրերին ուղղվել է 5.2 մլրդ դրամ` 73.8%-ով կատարելով տարեկան ծրագիրը: Այդուհանդերձ 2010 թվականի համեմատ արձանագրվել է ծախսերի 44.5%-ով աճ:

Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններին տրամադրվել է 125.2 մլն դրամ` 99.8%-ով կատարելով տարեկան ծրագիրը:

ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական վարկային ծրագրի համաձայն` կատարվել են 697.9 մլն դրամի ծախսեր, որից 528.7 մլն դրամը հատկացվել է վարկային միջոցներից, 169.2 մլն դրամը` ՀՀ կառավարության կողմից:

Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են 2.8 մլրդ դրամի ծախսեր, որից 825.3 մլն դրամը հատկացվել է վարկային միջոցներից, 2 մլրդ դրամը` ՀՀ կառավարության կողմից, ապահովելով ծրագրի 100.6% կատարողական:

Այլ դասերին չպատկանող շրջակա միջավայրի պաշտպանության դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են ավելի քան 1.2 մլրդ դրամ կամ ծրագրվածի 75.6%-ը:

Վերը նշված մի շարք ծրագրային շեղումները, ըստ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` պայմանավորված են ոռոգման եւ գյուղատնտեսության բնագավառներում արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի ցածր կատարողականով: 

← Վերադառնալ ցուցակին