Լուրեր

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

26.09.2012

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի եւ նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպմանը ներկա էր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գեւորգյանը:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ ներդրումներ կատարելու համար: Պարոն Զաքարյանը հույս հայտնեց, որ հիմնադրամը կհամագործակցի նաեւ իր ղեկավարած հանձնաժողովի հետ:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` հանձնաժողովի նախագահը նկատեց, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը մեր երկրի համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող հարց է:

Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիմնադրամի գործունեությանը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատելու համար:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել եւ ելույթ ունենալ հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի եվրոպական հեռանկարներ» թեմայով սեմինարին, որին ներկա է գտնվելու նաեւ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:

Քննարկվեցին հիմնադրամի եւ հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:  

← Վերադառնալ ցուցակին