Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները

24.09.2012

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները:

Վարչապետը նշեց, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, եւ Հայաստանն ունեցավ տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին:

Անցած տարվա ընթացքում էապես հաջողվել է բարելավել հարկահավաքման գործընթացը եւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը` ստեղծելով հիմքեր, որ նաեւ 2012 թվականին ՀՀ կառավարությունը հնարավորություն ունենա շուրջ 0.6 տոկոսով ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:

Արդյունաբերությունը 2011 թվականին դրսեւորել է բարձր աճի տեմպեր` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 13.5 տոկոս աճ: Արդյունաբերության աճն արդյունք է եղել այն միջոցառումների, որոնք իրականացրել է կառավարությունը` նպատակ ունենալով խթանել արտահանելի հատվածը: Արդյունքում 2011 թվականի տարեվերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է 16.2 տոկոս մինչճգնաժամային տարվա` 2008 թվականի 13.3 տոկոսի դիմաց: Ըստ վարչապետի` այս ցուցանիշն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա` հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի:

Գյուղատնտեսությունում 2010 թվականի աննախադեպ անկումից հետո 2011 թվականին արձանագրվել է 13.7 տոկոս աճ. բուսաբուծության աճը կազմել է 26.6 տոկոս` հիմնականում ապահովելով գյուղատնտեսության տարեկան աճի հիմնական մասը: Նման բարձր աճը հնարավորություն է ընձեռել միաժամանակ լուծել երկու խնդիր. առաջինը` մեղմել գնաճային ճնշումները, որոնց մեծ մասը գալիս էր նախորդ տարվա գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով ձեւավորված բարձր գներից, եւ երկրորդ` գյուղատնտեսության ոլորտում արձանագրել եկամուտների աճ եւ ՀՆԱ-ում ճյուղի մասնաբաժնի վերականգնում: Վարչապետը փաստեց, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային տարվա` 2008 թվականի 16.3 տոկոսից 2011 թվականի վերջին հասավ 20.3 տոկոսի:

Արտաքին հատվածում եւս դրական ձեռքբերումներ են եղել: Արտահանման աճն զգալի առաջանցիկ է եղել ներմուծման աճից. այստեղ աճը կազմել է ավելի քան 34 տոկոս` նպաստելով առեւտրային հաշվեկշռի, հետեւաբար եւ ընթացիկ հաշվի հաշվեկշռի բարելավմանը: Ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է շուրջ 4 տոկոսային կետով, ինչը խոստումնալից ցուցանիշ է, քանի որ զուգորդվել է ավելի շատ արտահանման, եւ ոչ թե մասնավոր տրանսֆերտների մեծացմամբ: Արդյունքում ապրանքների եւ ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում տարվա ընթացքում շարունակել է աճել` կազմելով 24 տոկոս:

2011 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը վարչապետը որակեց որպես հաշվեկշռված, քանի որ շարունակվել է բյուջեի պակասուրդի աստիճանական նվազման քաղաքականությունը: Բայց, մյուս կողմից, Տիգրան Սարգսյանը արձանագրեց, որ հարկաբյուջետային չափավոր կոնսոլիդացված այդ քաղաքականությունը չի խոչընդոտել տնտեսության վերականգնմանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ 2011 թվականի պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 2.8 տոկոսը` ծրագրված 3.9 տոկոսի դիմաց: Այս ամենը հնարավոր է եղել իրականացնել հարկային եկամուտների բարելավման հաշվին. հարկերը, ներառյալ սոցիալական վճարները նախորդ տարվա նկատմամբ աճել են 11.1 տոկոսով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0.4 տոկոսային կետով եւ կազմել 20.6 տոկոս:

Նշվեց, որ բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են` կազմելով 12.9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ` 23.3 տոկոս, որը 0.8 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Բյուջեի ծախսերը, չնայած հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, նախորդ տարվա նկատմամբ աճել են 3.4 տոկոսով: Ընդ որում, ծախսերի աճը հիմնականում պայմանավորվել է սոցիալական, առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության ոլորտներին ուղղվող ծախսերի ավելացմամբ (6.9 տոկոս):

Տիգրան Սարգսյանը նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հաջողվել է ոչ միայն պահպանել, այլ նաեւ ավելացնել սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման ծավալները:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2011 թվականին աճել են 4.9 տոկոսով` հիմնականում պայմանավորված 2010 թվականի նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափի բարձրացման (8000 դրամից 10500 դրամ) արդյունքում կենսաթոշակների ծախսերի աճով: 2011 թվականին պետական նպաստների բնագավառում նույնպես փոփոխություններ են իրականացվել, որոնք հիմնականում նպատակ են ունեցել մեծացնել ծրագրերի հասցեականությունը եւ ապահովել անհրաժեշտ տեղեկությունների առցանց եղանակով ստանալու մեխանիզմների ներդրումը:

Վարչապետը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտում ծախսերն աճել են 12.8 տոկոսով, առաջնահերթություն է հանդիսացել մոր եւ մանկան առողջության պահպանումը: Շարունակաբար ներդրվել է ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը, որն ուղղված է կանանց համար առավել մատչելի եւ իրապես անվճար ծննդօգնության ծառայությունների մատուցմանը:

Կրթության բնագավառում ծախսերն աճել են 8.5 տոկոսով: Ծախսերն ուղղվել են կառավարության 2011 թվականի գերակա խնդիրներ հանդիսացող նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացմանը, հանրակրթական ոլորտի բարեփոխումներին, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաեւ բարձրագույն կրթության բարելավմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի կատարման հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ` ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի 82.3%-ը ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը եւ 17.7%-ը ոչ ֆինանսկան ակտիվների հետ գործառնություններին: Ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը ուղղվել է 812.3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 96.9% կատարողական: Ընթացիկ ծախսերի շուրջ 10.4%-ը կամ 85մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը. այս ուղղությամբ ծրագիրը կատարվել է 98.6%-ով:

Ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից հաշվետու տարում տրամադրվել է 171.5 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 21.1%-ը: Գլխավոր գանձապետը նշեց, որ ծրագիրն այս ուղղությամբ կատարվել է 97.8%-ով:

Պետական պարտքի սպասարկման նպատակով բյուջեից հաշվետու տարում օգտագործվել է 35.5 մլրդ դրամ կամ ծրագրավորված միջոցների շուրջ 95%-ը: Տեղեկացվեց, որ շեղումը հիմանականում պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի ուղղությամբ արձանագրված տնտեսումներով, որտեղ կատարողականը կազմել է 93.4%:

Հաշվետու տարում արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվել է 14.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 97 %-ը:

2011 թվականի պետական բյուջեից տրամադրվել են 19.8 մլրդ դրամի սուբսիդիաներ` 2010 թ.-ի համեմատ արձանագրելով 10.7 %-ով աճ:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 17.9 %-ը կամ շուրջ 145 մլրդ դրամ կազմել են այլ ծախսերը` ապահովելով ծրագրի 96.8 % կատարողական:

Հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 106 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2010 թ.-ի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 39.2 %-ով:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ՀՀ ԿԲ նախագահը մասնավորապես նշեց, որ նախորդ բյուջետային տարում ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, որն ուղղված է եղել ինչպես տնտեսական ակտիվության վերականգնմանը, այնպես էլ պետական պարտքի կայունության ապահովմանը:

Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղեկցվել է ՀՀ պետական բյուջեի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիորեն նպաստել է մակրոտնտեսական կայունության բարելավմանը:

Տարեսկզբից ՀՀ Կենտրոնական բանկը խստացրել է դրամավարկային պայմանները` նպատակաուղղված ձեւավորված բարձր գնաճային միջավայրի մեղմմանն ու գնաճային սպասումների խարսխմանը:

Իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում բյուջետային տարին ամփոփվել է գնաճի տարեկան 4,7 տոկոս ցուցանիշով` գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Արթուր Ջավադյանը նկատեց, որ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտների գծով արձանագրվել է 12,9 տոկոս աճ, ըստ այդմ` հարկերն աճել են10,1 տոկոսով, իսկ պարտադիր սոցիալական վճարների գծով աճը կազմել է 17,2 տոկոս:

Տարվա արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը 5,3 տոկոսով զիջել են նախատեսված մակարդակը եւ կազմել տարեկան ծրագրվածի 94,7 տոկոսը:

ԿԲ ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ բյուջեի պակասուրդը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 68,2 մլրդ դրամով եւ կազմել 105,7 մլրդ դրամ, որը շուրջ 53,1 մլրդ դրամով պակաս է տարեկան ճշգրտված ծրագրով նախատեսված ցուցանիշից:

Ամփոփելով խոսքը` ԿԲ նախագահը նկատեց, որ 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը ուղղորդվելով ՀՀ կառավարության միջին ժամկետ ռազմավարության ծրագրով նախատեսված պետական բյուջեի պակասուրդի կրճատման որդեգրված քաղաքականությամբ` իրական նախադրյալներ կստեղծի մակրոտնտեսական կայունության համար եւ կնպաստի միջին ժամկետում գնաճի նպատակային թիրախի ապահովմանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի վարչական ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը: Մասնավորապես` ապարատի պահպանման ծախսերի համար, որը ներառում է աշխատակիցների աշխատավարձը, պարգեւատրումները, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամին մուծումները, անձնակազմի ուսուցումը եւ վերապատրաստումը, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը, ԿԲ աշխատակիցների սոցիալական ապահովության ծախսերը, օգտագործվել է 4,990,126,1 դրամ, կանխատեսված 5,181,330,9դրամի փոխարեն:

Կապիտալ ներդրումների գծով կանխատեսվել է ծախսել 24,203,237.7հազ. դրամ, օգտագործվել է 23,790,918.50 հազ.դրամ:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ» տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը նաեւ նշեց, որ ՀՀ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության նպատակով անհրաժեշտ են համարում, որպեսզի «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին ամրագրված բոլոր բյուջետային միջոցները հաշվեգրվեն, շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով: Մասնավորապես` ՊՈԱԿ-ներին, ԲԸ-ին, հիմնադրամներին, ինչպես նաեւ` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկին տրամադրված բոլոր բյուջետային միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ոլորտներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ առանձին ոլորտների պատասխանատուները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետի տեղակալ Արթուր Օսիկյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը առավել հանգամանալից ներկայացրին բյուջետային հատկացումներն ըստ առանձին ճյուղերի եւ դրանց կատարման ցուցանիշները:

Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերը կազմել են 6, 271 մլրդ դրամ, ոստիկանությանը` 35.7 մլրդ դրամ, որոնք կատարվել են համապատասխանաբար 99.7%-ով եւ 96.1%-ով:

Ոստիկանության դասի 23.6 մլրդ դրամ ծախսերը 2010 թվականի նկատմամբ ավելացել են 4.6%-ով` պայմանավորված հասարակական կարգի պահպանության ապահովման ծախսերի աճով: Ծրագիրը կատարվել է 99.9%-ով:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով ծախսվել է 4.4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.5%-ը եւ 2.6%-ով գերազանցելով 2010 թվականի մակարդակը:

Ազգային անվտանգության բնագավառին տրամադրվել է 12.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.4%-ը: 2010 թվականի համեմատ Ազգային անվտանգության ծախսերն աճել են 6.4%-ով կամ 766.1 մլն դրամով:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների մասին կատարողականի հաշվետվությանն էր վերաբերում, դռնփակ էր: 

← Վերադառնալ ցուցակին