Լուրեր

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը

18.09.2012

Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը: Թեև ուսումնական պրոցեսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը:Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ և 180 տարվա փորձառություն ունեցող դպրանոցի մանկավարժական կոլեկտիվին Տարոն Մարգարյանի անունից պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:Քաղաքապետի հանձնարարությամբ մինչև ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաև դպրոցի ջեռուցման համակարգը:
Հարկ է նշել, որ դպրոցի եռահարկ շենքը հիմնանորոգվել է <<Օգնիր դպրոցիդ>> արշավի շրջանակում, շրջանավարտ Գարեգին Նուշիկյանի միջոցներով, ով, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ, պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի <<Պատվո աշակերտ>> մեդալով:Ի դեպ, 180-ամյա այս դպրոցը Երևանի առաջին պետական դպրոցն է և 1925 թվականից կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը:

← Վերադառնալ ցուցակին