Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

29.08.2012

 Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ:
Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսևորած ուշադրությունը, հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը:
<<Մենք մշտապես ողջունում ենք բոլոր այն անհատների ու կառույցների նախաձեռնությունները, որոնք այս կամ այն կերպ նպաստում են մայրաքաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում զարգացումների արագ ու արդյունավետ կազմակերպմանը: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ի նպաստ Երևանի կատարվող բոլոր նախաձեռնություններին>>, - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` Ջոն Հեֆերնը քաղաքապետի հետ քննարկել է սեպտեմբերի 15-ին կայանալիք <<Մենք կարող ենք>> խորագրով նախաձեռնության առաջարկը, համաձայն որի, Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է բնության գրկում և պատմամշակութային վայրերի ու կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբի մաքրման մեկօրյա ակցիայի անցկացում: Դեսպանը նշել է, որ նախաձեռնության հեղինակները երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնցից մեկը` <<Երիտասարդ կենսաբաններ>> ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, ով ուղեկցում էր դեսպանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ակցիայի մանրամասները: Վերջինը վստահեցրել է, որ աշխարհում արդեն բավականին լայն տարածում գտած կամավորական այս ակցիան քաղաքապետարանի հետ համատեղ հաջողությամբ կիրականացվի նաև Երևանում, ընդգծելով, որ արդեն ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան քառասուն հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցներ և դիվանագիտական ներկայացուցչություններ:Ողջունելով նախաձեռնության գաղափարը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կառույցների հետ, որոնք իրենց նպաստը կարող են բերել Երևանի էլ ավելի գեղեցկացման ու բարեկարգման հարցում: Ակցիային աջակցելու շրջանակում էլ քաղաքապետը վստահեցրել է, որ նախատեսված տարածքների մաքրման աշխատաքներում կներգրավվեն նաև Երևանի սանմաքրման ձեռնարկություններն ու քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ակցիայի մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պարագաները:Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նաև այս հարցում աջակցության պատրաստակամության համար` Ջոն Հեֆերնն իր հերթին վստահեցրել է, որ դեսպանատունը ևս մշտապես մասնակից ու աջակից կլինի նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը: Հատկանշելով հասարակության դերի կարևորումը մայրաքաղաքի տնտեսության արդյունավետ կառավարման հարցում` Տարոն Մարգարյանը դեսպանին ներկայացրել է նաև քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի կազմում վերջերս ձևավորված հանձնաժողովների գործունեությունը, որոնց թվում է նաև երիտասարդության հանձնաժողովը, ինչը կապահովի հասարակության տարբեր շերտերի տեսակետների և առաջարկների առավել ամբողջական դիրքորոշման արտահայտումն ու փոխընդունելի որոշումների կայացումը:

← Վերադառնալ ցուցակին