Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ

28.08.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ:

Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հույս հայտնել, որ մեր երկրում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել և ավելի զարգացնել:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի տնտեսական ծրագրերի նկատմամբ լիտվական ընկերությունների հետաքրքրվածության և ներդրումների մասին, նշելով, որ տնտեսական ոլորտում աստիճանաբար ակտիվացող համագործակցությունը խթանում է նաև մշակութային ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին Լիտվայի ցուցաբերած աջակցությունն ու եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցում փորձի փոխանակումը:

ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանը կարևորել են հայ-լիտվական համագործակցության զարգացումը նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

← Վերադառնալ ցուցակին