Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկայի աշխատանքին

19.08.2012

 Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների ևս մեկ տոնավաճառ, որն այսուհետ կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին` Խորենացի փողոցի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ միջանկյալ հատվածում:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ: Ինչպես և Արաբկիր վարչական շրջանում կազմակերպվող համանման շուկայի պարագայում, այս դեպքում ևս գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքները տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Քաղաքապետը նաև հավելել է, որ Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված այս տոնավաճառը քաղաքային իշխանության արձագանքն է բնակիչների խնդրանքին:<<Դեռ անցյալ տարի մենք խոստացել էինք մեր համաքաղաքացիներին, որ անհրաժեշտության դեպքում Երևանում նոր տեղեր կհատկացնենք գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման համար: Եթե այլ վարչական շրջանների բնակիչների կողմից ևս լինի նման պահանջարկ, ապա քաղաքապետարանը պատրաստ է նոր տարածքներ հատկացնել>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Կարևորելով գյուղմթերքի շուկաների առկայությունը մայրաքաղաքում` քաղաքապետը նաև ընդգծել է, որ այդպես գյուղացիներին լավ հնարավորություն է ընձեռվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին երևանցիներին կապահովի առավել մատչելի գներով գյուղացիական արտադրության բնամթերքի ձեռքբերումը:Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Օղակաձև զբոսայգու տարածքում և ծանոթացել կատարված ու ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց առաջարկները` քաղաքապետը տեղում հանձնարարել է զբոսայգու հին նստարանները փոխարինել նորերով, ինչպես նաև տեղադրել աղբամաններ ու մշտապես հետևել այգու բարեկարգմանը և խնամքին:Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է մշտապես խստորեն հետևել տնտեսավարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման և կանաչապատման գծով նրանց ստանձնած պայմանագրային պարտավորությունների ապահովմանը:

← Վերադառնալ ցուցակին