Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
30.07.2012
<<Քաղաքային կայուն զարգացման>> ծրագրի ընթացքի հետ կապված հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ծրագիրը վերաբերում է Երևանում երկու ճանապարհային հատվածների կառուցմանը, մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությանը:Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ծրագրի կառավարման որակը բարելավելու նպատակով իր կարգադրությամբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Ծրագրերի իրականացման գրասենյակում: <<Նախորդ հանդիպման ժամանակ ես կարևորել էի ծրագրի իրականացման աշխատանքներն օր առաջ սկսելու անհրաժեշտությունը, և կրկին վերահաստատում եմ այս ծրագրի մեկնարկի առաջնայնությունը: Կարող եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք շարունակական համագործակցության>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի քաղաքային զարգացման և ջրային բաժնի տնօրեն Անանդ Չիփլանքըրը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ծրագրի շրջանակում ցուցաբերած աջակցության համար և նշել է, որ բանկի և քաղաքապետարանի աշխատանքային խմբերը ինտենսիվ աշխատանքներ են տանում, ու պարբերաբար քաղաքապետին հաշվետվություն կներկայացվի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: <<Մենք անում ենք ամեն ինչ, որ սեպտեմբերին կայանալիք միջազգային մրցույթվ հաղթած խորհրդատու ընկերությունները հնարավորին շուտ սկսեն աշխատանքները>>,- նշել է Անանդ Չիփլանքըրը:Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար: