Լուրեր
Վարչապետն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ընկերություն
28.07.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ:
«Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկան շահագործման է հանձնվել 1969թ. և արտադրանքի որակն ու մրցունակությունը պահպանելու համար արդեն արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելու կարիք է զգացվում։ Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատ»-ը համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման և բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած առաջատար շվեյցարական «SEP» ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման նախագիծ։
«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառով ընկերությունը համագործակցություն է սկսել նաև ստորգետնյա հորերի ինժեներա-երկրաբանական նախագծային հեղինակավոր գերմանական «DEEP» ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության համար հումք հանդիսացող աղաջրի արտադրության և մաքրման նախագիծ։
Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։