Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

30.05.2012

Մայիսի 30-ին գումարված Երևանի ավագանու նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել <<Հայ ազգային կոնգրես>> դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երևանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Հայաստանի hանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը և Արտավազդ Սարգսյանը։
Տարոն Մարգարյանը նշել է, որ հրաժարականների վերաբերյալ արձանագրությունը, ներկայացված դիմումների պատճեների հետ, կներկայացվի ՀՀ ԿԸՀ։Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին որոշման նախագծին։ Որոշմամբ հաստատվել են Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող ՓԲ ընկերությունների 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը։
Ավագանու որոշմամբ թույլատրվել է մայրաքաղաքում իրականացնել պիլոտային ( փորձնական) ծրագիր`աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31- ը ներառյալ վերապահել <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպությանը:Օրակարգի մյուս հարցերով ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու, մի շարք առևտրային կազմակերպությունների անվանափոխության և դրանց կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցներից մեկը Գրիգոր Հարությունյանի անվամբ վերանվանելու մասին որոշումների նախագծերին։
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել 2012թ. հունիսի 26-ին։

← Վերադառնալ ցուցակին