Լուրեր
ՀՀԿ հայտարարությունը
24.05.2012
							Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն և շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը: 
Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին և քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում: 
Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի և նորից վստահելու համար: 
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձևավորված դրական միջավայրն ամրապնդելու և զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ: 
Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է. 
1.	Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես և նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:
2.	Այդ համատեքստում, մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ մեր պետության զարգացման և յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն:
3.	Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ ևս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության 
Գործադիր մարմին
24.05.2012
