Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության ներկայացուցիչներին

17.05.2012

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում:
Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի:
<<Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունեության համար՝ <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության տնօրենը նշել է, որ ԱՊՀ տարածքում իտալական <<ORIOLE>>, <<VOEM>> և հարավկորեական <<GYG>> վերելակներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող իրենց ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ և տեղադրմամբ: Բարձր գնահատելով քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները՝ Մահմուդ Հուդային պատրաստակամություն է հայտնել համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ:Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կուսումնասիրի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերն ու, ըստ այդմ, կնախապատրաստի ներդրումային հստակ առաջարկի փաթեթ` առավել առարկայական դարձնելով համագործակցության հնարավորությունը:

← Վերադառնալ ցուցակին