Լուրեր

«Ինտեգրացիան ԱՊՀ-ում եւ ԵՄ-ում. միասնական չափորոշիչների ժամանակն է». Տիգրան Սարգսյան

16.05.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Ինտեգրացիան ԱՊՀ-ում եւ ԵՄ-ում. միասնական չափորոշիչների ժամանակն է» խորագրով հոդվածը տպագրվել է ռուսական «Վեդոմոստի» պարբերականում:

«ԱՊՀ-ն զարգացման դժվարին փուլ է ապրել` անտարբերություն եւ հեռանկարների հանդեպ անվստահություն: Շատ հաճախ շշուկներ կային, որ ԱՊՀ-ն ասես ճամպրուկ է առանց բռնակի, երբ դժվարանում ես տանել, սակայն ափոսոսում ես նետել: Այդուհանդերձ, 2011 թ-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված եւ վերջերս Ռուսաստանում վավերցված ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը հաստատեց, որ ինտեգրման գործընթացներն իրական են»,-գրել է ՀՀ վարչապետն իր հոդվածում:

Նա ակնհայտ է համարել, որ մեծ է այս համաձայնագիրի բոլոր մասնակիցների շահը` առանց բացառության: Սակայն, միեւնույն ժամանակ, ի հայտ են գալիս մեծ խնդիրներ` կապված նոր օրենքների համարժեք կիրարկման հետ: «Մի կողմից, գործող սահմանափակումների մասին երկկողմ համաձայնագրերը, որոնք նախկինում հաստատվել են ԱՊՀ 8 երկրների կողմից, զգալիորեն կրճատվել են: Ստեղծվում են լավագույն պայմաններն ապրանքների եւ ծառայությունների իրացման համար միասնական տնտեսական տարածքում: Նախատեսվում է մի խումբ ապրանքների արտահանման եւ ներկրման փոխանակում:

Մյուս կողմից, համագործակցության նոր ձեւերը սրում են ԱՊՀ երկրների միջեւ հարաբերությունների արդարության զգացումը: Մասնակիցներից եւ որեւէ մեկի համար ընդունելի չէ այն, որ այս կամ այն երկիրը չարաշահի խաղի կանոնները միասնական տնտեսական տարածքի գործունեության շրջանակներում: Միեւնույն ժամանակ, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի նկատելի տարբերության պայմաններում սուբյեկտների` պարիտետին հասնելը բավականին դժվար է: Իսկ դա արդյունավետ ինտեգրման մեջ բոլոր հետաքրքրվողների գլխավոր խնդիրն է:

Այս խնդիրների լուծումը պետք է բխի փոփոխվող աշխարհում ժամանակակից հանրապետությունների համակեցության տրամաբանությունից: Արդի աշխարհի հիմնական գծերից է բոլոր գործընթացների արագացումը: Արագությունը պահանջում է գլոբալ առումով տնտեսական գործունեության կայունացում: Միասնական, հասկանալի կանոնները թույլ կտան մեզ խնայել գործարքային ծախսերում, զգալիորեն ավելացնել ապրանքաշրջանառությունը, իսկ սպառողներին կապահովի անվտանգ, բարձրորակ ապրանքներով եւ ծառայություններով:

Ոչ ցավոտ անցումն առանձին առեւտրական պայմանավորվածություններից զանգվածային փոխշահավետ համագործակցությանը հուշում է ինքը` տնտեսական իրականությունը: Արդի աշխարհի առանձնահատկությունը` գլոբալ շուկաների փոփոխվող կառուցվածքն է: Այս պայմաններում մենք պարտավոր ենք կառուցել հարաբերությունների նոր ձեւաչափեր, որոնք կստեղծեին տնտեսվարող սուբյեկտների համար լավ պայմաններ: Այստեղից էլ վարքագծի համապատասխան ոճը. մտածելով ապագայի մասին` մենք պարտավոր ենք արդիականացնել ինստիտուտները, որոնք կարող են ձեւավորել ինտեգրացիոն պրոցեսների համար հարմար կառուցվածքներ: Դա հնարավոր է առաջին հերթին` միասնական ստանդարտների ներմուծման եւ գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ խիստ հսկողության սահմանման շնորհիվ: Կարեւոր է քայլեր ձեռնարկել` օգնելով տնտեսապես ոչ զարգացած երկրներին բացահայտել տնտեսական աճի իրենց հնարավորությունները: Ինտեգրացիոն գործընթացից պիտի շահեն բոլորը, հակառակ դեպքում դրա տնտեսական եւ քաղաքական բովանդակությունը կորչում է: Ինտեգրացիան հանուն ինտեգրացիայի անիմաստ է»,-գրել է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը:

Սկսվել են Հայաստանի և ԵՄ միջև բանակցությունները՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ: «Մոտակա 2-3 տարիներին մեզ սպասվում է լարված աշխատանք` եվրոպական չափանիշերի ներդրման ուղղությամբ, որոնց համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների, ներքին հսկողության համակարգերի խորը փոփոխություններ: Եվ ինչն ամենակարևորն է՝ արտադրական ու առևտրային ցիկլի մասնակիցների վարքագծի փոփոխություն: Տնտեսությունը պետք է ենթարկվի լուրջ որակական փոփոխությունների: Հայաստանը պետք է եվրոպական չափանիշերին համապատասխանեցնի օրենսդրական դաշտն ու արտադրություններում անվտանգության վերահսկողության համակարգերը, ինչը շատ ծավալուն և ծախսատար գործընթաց է: Սակայն առաջին հերթին դա մեզ է անհրաժեշտ: ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար էական առաջընթաց կապահովի` զգալիորեն կավելանան արտահանման ու ներկրկման ծավալները, կկրճատվի արտաքին առևտրի դեֆիցիտը: Հայաստանի համար սա կարևոր է, քանի որ մեր երկիրը լուրջ պոտենցիալ ունի համաշխարհային շուկայում հայտնվելու առումով` որպես էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտադրող երկիր»,- գրել է Տիգրան Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին