Լուրեր

Խստորեն հետևել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ժամանակացույցին ու որակի պահպանմանը

14.05.2012

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում Երևանն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման և արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել է 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ծրագրերով արտաքին լուսավորությամբ ապահովել նաև բարեկարգվող բակերն ու այգիները:
Անդրադառնալով բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին` Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերով, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել. <<Դա մեծ ձեռքբերում է, և բոլորիս պարտքն է պահպանել այդ տարածքները` ընթացքում ավելացնելով դրանց թիվը>>,- նշել է քաղաքապետը:Զեկուցվել է, որ մայրաքաղաքում արդեն ավարտվել են նաև 437 նստարանների և 295 աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաև գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները և դրանք նույնպես փոխարինել նորերով: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում նոր նստարաններով և աղբամաններով կկահավորվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը. <<Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման և ճաքալցման աշխատանքներն անորակ և թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները>>,- ընդգծել է քաղաքապետը:Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են նաև քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերով նախատեսված կանաչապատման և ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները:
Նոր սիզամարգերի ստեղծման մասով արդեն ավարտվել են Դավիթ Բեկի փողոցի, Երևան-Եղվարդ խճուղու, Դավթաշենի կամրջի, ինչպես նաև Աթենքի փողոցի կամրջի հարակից հատվածների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին: Հանձնարարվել է նաև հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:
Պահանջը հստակ է նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: <<Ամենօրյա աշխատանք տարեք տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը:Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանն ու կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը` քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մասնակիցների կողմից երթուղիների սպասարկման մրցույթային պահանջների ապահովմանը, ինչով էլ կպայմանավորվի բնակչության սպասարկման որակի բարձրացումը. <<Մինչև տարեվերջ փոփոխությունները պետք է տեսանելի լինեն մեր բնակիչների համար>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրին` քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն ու անհրաժեշտ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: <<Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա>>,- ընդգծել է քաղաքապետը` միաժամանակ հանձնարարելով հետևողականորեն իրականացնել նաև գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագիրը:Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտադրել է սեփական եկամուտների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին հանձնարարվել է ապահովել գովազդային ցուցատախտակներից նախընտրական պաստառների հեռացման և մաքրման աշխատանքները:
Այս տարի վերջին զանգը մայրաքաղաքի դպրոցներում կհնչի մայիսի 25-ին: Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը, այնպես էլ նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը:

← Վերադառնալ ցուցակին