Լուրեր
«Մենք հիմք ենք դնում ընտրապայքարի նոր ավանդույթների, որոնց պտուղները սերունդներն են քաղելու». Սերժ Սարգսյան
03.05.2012
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 3-ին հանդիպեց Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:
Սարգսյանը նշեց, որ ընտրարշավը մոտենում է եզրագծին: «Այս ընթացքում շատ բաներ լսեցինք բոլոր կողմերից: Եղան ոգեւորության եւ հիասթափության պահեր, սթափ գնահատականներ եւ չափազանցումներ: Ոմանք հասցրին ձանձրանալ, քանի որ ի սկզբանե գիտեին, թե ում են ընտրելու»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ երկրի բոլոր քաղաքական ուժերը լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայությունները առաջարկելու քաղաքացիներին:
«Մենք վաղուց ընտրության չէինք գնացել առանց ավելորդ լարվածության: Մենք հիմք ենք դնում ընտրապայքարի նոր ավանդույթների, եւ նոր սերունդները քաղելու են դրանց պտուղները: Մենք բարձրագոչ բաներ չէինք ասում եւ դա ավելի հեշտ է, քան կոնկրետ գործերից խոսելը»,-նկատեց ՀՀԿ ղեկավարը: Նրա խոսքով` կուսակցությունը խոսել է հստակ գործերի մասին, որոնք արվել են եւ պատրաստվում են անել:
ՀՀԿ-ն առաջարտար եւ հզոր ուժ է եւ կատարում է իր առաքելությունը: ՀՀ քաղաքացիները հասկանում են, որ ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող ապահովել այն նշանաձողը, որը սահմանել է հասարակությունը:
Սարգսյանը աջափնյակցիներին կոչ արեց մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որոնցից շատ բան է կախված: Դրանց արդյունքից է կախված, թե ինչ ուղեգծով է զարգանալու Հայաստանը, եւ որ քաղաքական ուժն է ձեւավորելու կառավարություն: Ակտիվության հետ մեկտեղ պետք է ցուցաբերել քաղաքացիական մոտեցում. անհրաժեշտ է, որ այս ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ արդյունքները հավատ ներշնչեն քաղաքացիներին եւ գործընկերներին:
«Մենք ունենք պատմական հնարավորություն` մեծ ցատկ կատարելու: Կարեւոր է, որ այս ընտրությունները թշնամանք չավելացնեն, եւ որ հասարակությունը դուրս գա ավելի միավորված»,-նշեց Սարգսյանը: Նա աջափնյակցիներին հորդորեց աջակցել ՀՀԿ-ին եւ ձայնը տալ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Հովսեփյանին եւ Ռուբեն Սադոյանին, որոնք ունեն բավականաչափ փորձ` արժանապատվորեն ներկայացնելու Աջափնյակը ԱԺ-ում: