Լուրեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարը
01.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարի բացման արարողությանը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարը տարեցտարի ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում վարչական շրջանի պատանիների և երիտասարդների շրջանում: Վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ սկիզբ առած առաջին մրցաշարին մասնակից թիմերի քանակը 12 էր, այսօր արդեն`17-ը:Ողջունելով մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բարձր է գնահատել վարչական շրջանի այս նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա ոչ միայն առողջ ապրելակերպի խրախուսում է, այլև պատանիների և երիտասարդների շրջանում ազատ ժամանակի տնօրինման ողջունելի և շատ կարևոր նախաձեռնություն:Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ հաշվի առնելով դրական այս փորձը, քաղաքապետարանը կաջակցի ու կխրախուսի, որ նմանատիպ մրցաշարեր կազմակերպվեն և անցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Ինչպես և ամեն տարի, մրցաշարը կտևի մինչև հոկտեմբեր: