Լուրեր

Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաժողով

30.04.2012

Այսօր «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաժողովը, որին մասնակցում էին 361 ՀԿ-ների ղեկավար անձինք: Համաժողովին ներկա էին նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խորհրդի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Մկրտիչ Մինասյանը, Արայիկ Հովհաննիսյանը: Համաժողովի ընթացքում հնչեցին մի շարք ելույթներ, որոնք շոշափում էին բազմաթիվ ոլորտներին վերաբերող խնդիրներ, ելույթներն ուղեկցվում էին նաև խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններով: ՀՀԿ-ի հետ համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համաժողովի ավարտին հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հաշվի առնելով ՀՀԿ-ՔՀԿ-ներ գոյություն ունեցող փոխշահավետ համագործակցության միտումները, դրանք խորացնելու և հասարակության տարբեր խոցելի խմբերի կենսական շահերին և հասարակության ժողովրդավարացմանն ու երկրի արդիականացմանը ծառայեցնելու երկուստեք պատրաստակամությունը՝ համաժողովի մասնակիցները հայտարարեցին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Համաժողովի ավարտին շնորահակալական խոսքով հանդես եկավ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով ՀՀԿ-ի նախաձեռնությամբ 200-ից ավելի ՀԿ-ների հետ համատեղ, պետական աջակցության միջոցով ծրագրերի իրականացումը: Հ. Աբրահամյանն իր ելույթում նշեց. «ՀԿ-ների դաշտը միշտ էլ գտնվել է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում, և գիտեք, որ հենց նախագահի նախաձեռնությամբ ու ՀԿ դաշտի ակտիվ համագործակցությամբ ձևավորվեց Հանրային Խորհուրդը: Հանրապետության Նախագահի աշխատակազմը իրականացրել է բազմաթիվ հանրային ծրագրերի ֆինանսավորում և կազմակերպական աջակցություն, որոնք ուղղված են եղել քաղաքացիական հասարակության կառույցների ամրացմանն ու նրանց ջանքերի ակտիվացմանը»: Նա անդրադարձավ նաև այն հնարավորություններին, որոնք ընձեռվել են ՀԿ-ներին օրենսդիր մարմնում համագործակցության շրջանակներում հանրային ցանցի հետ ստորագրված հուշագրով: Հովիկ Աբրահամյանն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Մենք պատրաստակամ ենք ունենալով լավ համագործակցության երկարամյա փորձ, շարունակել ու զարգացնել այն դրականը, որ ձեռք ենք բերել համատեղ ուժերով, հանուն մեր երկրի ու հասարակության»: 

← Վերադառնալ ցուցակին