Լուրեր

Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաժողովի հայտարարությունը

30.04.2012

Միարժեք է, որ քաղաքացիական հասարակությունը իրական ժողովրդավարության հիմնական չափորոշիչներից է։ Որևէ երկրում քաղաքացիական հասարակության կայացվածության և ազդեցության մասին կարելի է դատել` հաշվի առնելով նրա անմիջական մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին, տարբեր ոլորտներում քաղաքականության մշակմանը և հանրային կյանքի կառավարմանը։ Այս տեսանկյունից խիստ կարևորվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև ձևավորված և գործող համագործակցության ավանդույթները, որոնք առարկայական հարթություն են տեղափոխում վերոնշյալ իրողությունները։
Հատկանշական է, որ վերջին տարիներին բավականին ինտենսիվ են դարձել շփումներն ու իրական համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և հարյուրավոր տեղական Հասարակական Կազմակերպությունների միջև։ Այս փոխշահավետ գործակցությունը մի կողմից հնարավորություն է տվել մեր երկրի առավել ազդեցիկ քաղաքական կուսակցությանը հիմնովին տիրապետել և որոշումների կայացման բարձր ատյաններ փոխանցել հանրությանը մտահոգող բազմաբնույթ խնդիրներ, իսկ մյուս կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարողացել են մեծացնել իրենց շահառուների խնդիրների լուծման և պահանջմունքների բավարարման հնարավորությունները։
Առաջիկա մայիսի 6-ին մեր երկրում անցկացվելիք հինգերորդ գումարման խորհրդարանական ընտրությունները պատեհ առիթ են քաղաքացիական հասարակության ինստիտուտների համաժողովի մասնակից Հասարակական Կազմակերպությունների համար հետագա համագործակցության համատեքստում առավել ծանրակշիռ և շոշափելի հիմքեր ստեղծելու առումով։
Այս տեսանկյունից հաշվի առնելով ՀՀԿ-ՔՀԿ-ներ գոյություն ունեցող փոխշահավետ համագործակցության միտումները, դրանք խորացնելու և հասարակության տարբեր խոցելի խմբերի կենսական շահերին և հասարակության ժողովրդավարացմանն ու երկրի արդիականացմանը ծառայեցնելու երկուստեք պատրաստակամությունը` սույն համաժողովի մասնակիցներս կոչ ենք անում.

1. ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ միավորել ջանքերը մեր երկրում ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխանող ընտրությունների անցկացման գործում,

2. մեր կազմակերպությունների անդամներին, շահառուներին, մեր երկրի քաղաքացիներին՝ սատարել Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև վստահ ենք, որ Հանրապետականի փորձառու, պատասխանատու և արհեստավարժ քաղաքական թիմը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ առաջիկա տարիներին մեր երկրի ու հասարակության համար կարող է ապահովել բարեկեցիկ, անվտանգ, կայուն զարգացող ու խոստումնալից հեռանկարներ՝ ի շահ յուրաքանչյուր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության,

3. Հանրապետական Կուսակցությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ունենալու և կառավարություն ձևավորելու իրավունք ստանալու պարագայում, գործունեության ծրագրերում ամրագրել նաև քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնման, հաստատություններում և քարոզչության միջոցներում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված կրթամշակութային ու մարզա-առողջարարական նոր ծրագրերի ներդրման, հասարակության առավել խոցելի խմբերի համար առաջնային նշանակության սոցիալական կոնկրետ անհետաձգելի ծրագրերի իրականացման, մարզաբնակ երիտասարդության զբաղվածության ու հոգևոր-մշակութային առաջնային խնդիրների լուծման, կոռուպցիայի դեմ արդյունավետ, շարունակական պայքարի իրականացման, մարդու և քաղաքացու իրավունքների լիարժեք իրացման համար համապատասխան օրենսդրական ու դատաիրավական համակարգի կայացման առաջնահերթությունները:

ք. Երևան
30.04.2012թ. 

← Վերադառնալ ցուցակին