Լուրեր
ՀՀ Նախագահն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ
27.04.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակում:
Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումը մասնավոր բարեգործական ծրագիր է, որը նպատակ ունի կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն և տրամադրել ժամանակակից որակյալ կրթություն` ընդունված միջազգային չափանիշներով և ազգային հարուստ կրթական ավանդույթներով:
Լրագրողների հետ ճեպազրույցում Դպրոցի կառավարման խորհրդի անդամ Արտաշես Ղազախեսյաթյանը նշեց, որ այժմ մշակվում են դպրոցի ուսումնական ծրագրերը, դպրոցի տնօրենի, դասավանդողների և անձնակազմի ընտրությունը ընթացքի մեջ է: Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով: Շին. աշխատանքների առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2014 թվականի ամռանը:
«Լինելու է միջազգային բոլոր կրթական նորմերին համապատասխան դպրոց, որն ընդունակ է լինելու ապահովելու ու մատուցելու բարձրակարգ կրթություն»,- նշեց Ղազախեթյանը:
Շինարարության երկրորդ փուլով նախատեսում է կառուցել ևս երկու համալիր` հանրակացարան ուսանողների համար, մեկ համալիր դասախոսական անձնակազմի համար, թատրոն եւ ամֆիթատրոն: Դպրոցին հատկացված ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 14 հեկտար: Ըստ նախնական գծագրերի` շինությունները 2-4 հարկանի են լինելու: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտների համար:
Դպրոցի շինարարության նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2011 թվականի հոկտեմբերին: Հիմնական շինարարությունը նախատեսվում է սկսել գլխավոր կապալառուի մրցույթի արդյունքները ապրիլ ամսվա ընթացքում ամփոփելուց հետո: 2012 թվականի հունիսին նախատեսվում է սկսել դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները:
ՀՀ Կառավարության հետ աջակցությամբ իրականացվել է բնական գազի գծի տեղափոխման աշխատանքներ: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը նախատեսվում է ավարտել 2016 թվականին: