Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

17.04.2012

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Կուրղինյան նրբանցքի բակային տարածքում արդեն փոխված էին եզրաքարերը, ճեմուղիները սալապատված էին, տեղադրված էին նաև նստարանները:
Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և առաջիկայում այն կհանձնվի բնակչությանը, և հավաստիացրել են, որ այն կդառնա հարմարավետ հանգստի գոտի:
Բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ սպասել են իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, ինչի համար առանձնակի են շնորհակալություն հայտնել Տարոն Մարգարյանին:
Նույն գոհունակության խոսքերն են հնչել նաև Ա3 թաղամասում, որտեղ քաղաքապետի այցելության պահին ընթանում էին վարչական շրջանի հերթական բակային տարածքի բարեկարգման աշխատանքները: Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին: Այստեղ բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվում են նախկին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:
Արդյունքում բնակիչները շուտով իրենց հանգիստը կարող են անցկացնել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ժամանակակից խաղային ատրակցիոններով, արտաքին լուսավորությամբ ապահովված հանգստի հարմարավետ գոտու վերածված իրենց բակում:
<<Ինչպես մյուս վարչական շրջաններում, Մալաթիա-Սեբաստիայում նույնպես քաղաքապետարանի ծրագրերով բակերի բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են կատարվում: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս վարչական շրջանում բնակիչները սեփական ուժերով ազատել են ժամանակին ինքնակամ զբաղեցրած տարածքները, ինչի համար շնորհակալ ենք նրանց: Բակերի բարեկարգման մեր ծրագրերը լինելու են շարունակական, և վստահեցնում եմ, որ որոշ ժամանակ անց բարեկարգ կլինեն Մալաթիա-Սեբաստիայի բոլոր բակերը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը զրուցել է բակի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները, առաջադրվող խնդիրներն ու ներկայացրել իր մոտեցումները: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երևան>> ծրագրի շրջանակում պետք է բարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:
Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև Բ1, Բ3, ինչպես նաև Ա1 թաղամասերի բակերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների ընթացքը:
Պատասխանատուները զեկուցել են, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման, ասֆալտապատման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են ընթանում:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև <<Մալաթիա>> բժշկական կենտրոն, որտեղ հետաքրքրվել է հիվանդների առողջական վիճակով և ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին ու ներդրված ժամանակակից բժշկական սարքավորումների հնարավորություններին:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի ծրագրային բոլոր դրույթներն ուղղված են հարմարավետ ու գրավիչ մայրաքաղաք ունենալուն: Այս համատեքստում հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքին ու որակին:
 

← Վերադառնալ ցուցակին