Լուրեր
Տարոն Մարգարյանը հանդիպել է Հալլեի քաղաքապետի հետ
16.04.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ:
Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաև քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:
<<Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` <<Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երևանում այսօր ձևավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ>>,- նշել է Տարոն Մարգարյանը` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ համագործակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջև գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն, ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե և տեղում նաև փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:
Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաև գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարայանը, որպես սկիզբ, առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին և ծրագրերին: