Լուրեր
Մեկնարկել է «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսը
31.03.2012
Այսօր` մարտի 31-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի բացումը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀԿ կանանց խորհրդի կողմից` Երևանի քաղաքապետարանի և «Էքսպո մեդիա» կազմակերպության աջակցությամբ։
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Մկրտիչ Մինասյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, գործարար կանայք, հյուրեր։
Իր խոսքում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ցուցահանդեսն արդեն 11-րդ անգամ է անցկացվում, իսկ վերջին 5 տարիներին այն անցկացվում է ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ: «Գարնանային ցուցահանդեսին ավելի շատ ներկայացված կլինեն այն կանայք, ովքեր ավելի կայացած, ավելի կոմերցիոն բնույթի բիզնես ունեն։ Իսկ աշնանային ցուցահանդեսը, որը նույնպես կընթանա «Գործարար հայուհի» խորագրի ներքո, նվիրված կլինի այն կանանց, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը բիզնեսում, ովքեր զբաղվում են ժողովրդական արհեստները վերականգնելով»,-ասել է Հերմինե Նաղդալյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի դռները բաց են նմանատիպ միջոցառումների համար: Քաղաքապետի խոսքերով՝ արդեն երկու տարի է, ինչ միջոցառումն անցկացվում Երևանի քաղաքապետարանում և որ այն արդեն ավանդույթի է վերածվում: «Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, որ գործարար կանայք, նաև քաղաքապետարանի ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ հյուրերը շրջել են ցուցասրահում և ծանոթացել բոլոր տաղավարներում ցուցադրվող ապրանքատեսակներին:
Ցուցահանդեսի փակումը նախատեսվում է ապրիլի 1-ին` ժամը 16:00-ին: