Լուրեր
Տիգրան Սարգսյան. իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները
23.03.2012
Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնել ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին մարտի 23-ին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Երևանում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու այդպիսի ընտրություններ, իսկ Հայաստանի Հանրապետության հասարակությունն այսօր առավել քան երբևէ պատրաստ է ազատ և արդար ընտրությունների անցկացմանը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում, օգտվելով նաև միջազգային տեխնիկական օժանդակությունից, էապես բարելավվել է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում` Ընտրական օրենսգիրքը՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները, բացթողումները և թերությունները: Կառավարության ղեկավարը նշեց, որ ներկայում իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է աշխատեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ. բոլոր խախտումները բացահայտվելու են և մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար: «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասկանալի է, որ հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ՝ ընտրությունները վերահսկելու առումով: Չափազանց կարևոր է այն, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս հնարավորությունից կարող է օգտվել»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այսօրվա կոնֆերանսը ևս իր լուման է ներդնելու ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման գործում, քանի որ այն հանրությանն է ներկայացնելու ընտրողների իրավունքներն ու դրանց իրացման ճանապարհները:
armenpress.am