Լուրեր

Շարմազանովը կարծում է` ՀՀԿ-ն ամենամեծ շանսերն ունի ընտրական մարաթոնն ավարտեուլ որպես ֆավորիտ

22.03.2012

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը 2007 թ-ի համեմատությամբ աճել է. մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության կատարած սոցհարցումների համաձայն` Նախագահի վարկանիշն աճել է այն դեպքում, երբ չկա քարոզչություն, ընտրապայքար, եւ ընտրությունները լինելու են մեկ տարի հետո: «Սա նշանակում է, որը Սարգսյանն ավելացրել է իր վստահությունը: Նրան համարում են փորձառու գործիչ, եւ 33 տոկոսն այսօր պատրաստ է ձայնը տալ նրան»,-ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ նույն հարցումների համաձայն` ՀՀԿ-ն նախընտրական պայքարից առաջ ունի լուրջ եւ հավակնորդ դիրքեր, որոնք շատ ամուր են: «Արտաքին քաղաքականության, կրթության ոլորտում, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված` հասարակությունն իր հույսերը կապում է ՀՀԿ-ի իրականացրած բարեփոխումների հետ: ՀՀԿ-ի ձայները գնալով ավելանում են, ու նա ունի ամենամեծ շանսերը` ընտրական մարաթոնն ավարտել որպես ֆավորիտ: Մենք չենք գնալու լճացման ճանապարհով»,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով` անկախ նրանից, թե ովքեր կմասնակցեն քարոզարշավին, այն կիրականացվի ՀՀ օրենսդրութանը համապաատասխան: «Մեր նպատակն է ոչ թե ավել ձայներ հավաքել, այլ վստահություն առաջացնել հասարակության մեջ: Բոլոր հիմքերը կան կազմակերպելու ժողովրդավարական ընտրություններ, բայց ընդդիմությունը եւս պետք է որդեգրի կոռեկտ մրցապայքար»,- ասաց Շարմազանովը:


armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին