Լուրեր

Միջոցառում` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակին

21.03.2012

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը կազմակերպել էին միջոցառում` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 135-ամյակին: Դ. Դեմիրճյանի անունը կրող թիվ 27 դպրոցի և <<Վարդանանք>> կրթահամալիրի սաները ներկայացրեցին <<Վարդանանք>> և <<Հայը>> էսսեի միաձուլման արդյունքում ծնված մի բեմականացում: Միջոցառումն իր մեջ ամփոփված գաղափարով օրինակելի դաս էր, ինչի արդյունքում հայ մանուկը պիտի ճանաչեր և սովորեր սիրել հայրենի ժողովուրդն ու երկիրը:
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, կանանց խորհրդի այլ անդամներ և հյուրեր: Ն. Նահապետյանի աջակցությամբ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանը համալրվեց համակարգչով և տպիչ սարքով:
Բացման խոսքով հանդես եկավ Հ. Նաղդալյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ ՀՀԿ կանանց խորհուրդը Դեմիրճյանի տուն-թանգարանի հետ համատեղ դիմել է Երևանի քաղաքապետարանին` թանգարանի դիմաց գտնվող պուրակը գրողի անունով կոչելու և պուրակում նրա հուշարձանը տեղադրելու նախաձեռնությամբ, ինչի առնչությամբ առկա է նաև Երևանի քաղաքապետի դրական վերաբերմունքը: Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսքով հանդես եկավ Դերենիկ Դեմիրճյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը: 

← Վերադառնալ ցուցակին