Լուրեր
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացին
16.03.2012
ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Դաշինքի պաշտոնական Youtube-ի ալիքով:
«ՆԱՏՕ-ն հուսով է, որ հակամարտության խաղաղ լուծումը կգտնվի, սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Դաշինքը ներգրավված չէ բանակցային գործընթացում: Սակայն, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին այս հակամարտության լուծումը գտնելու հարցում»,- ասել է Ապատուրայը:
Բանակցային գործընթացին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները: «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք հենց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լսել ենք երկրների ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ իրենք պատրաստ են շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Ապատուրայի խոսքով` այդ գործընթացը հաճախ ունենում է որոշակի դժվարություններ, ինչը բնական է: Նա նաև մտահոգություն է հայտնել հաճախակիացած ռազմական հռետորաբանության, ինչպես նաև տարածաշրջանում մեծ քանակի սպառազինությունների ձեռքբերման առթիվ:
«Հարավային Կովկասի տարածաշրջանը միջազգային լրատվամիջոցների կողմից չի արժանանում անհրաժեշտ ուշադրության»,- կարծում է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
armenpress.am