Լուրեր

Տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը

29.02.2012

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակների են արժանացել 2011 թվականին երիտասարդական տարբեր բնագավառներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կայույցները: Պարգևները մրցանակակիրներին է հանձնել վարչապետը:
«Մրցանակաբաշխության ամենակարևոր նպատակը երիտասարդների շրջանում ակտիվության և ինքնակազմակերպման դրսևորումների խթանումն ու խրախուսումն է: Դրանով դուք ավելացնում եք մեր հասարակության ինքնակազմակերպման մակարդակը, որն այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր եռանդ կհաղորդեն երիտասարդներին հետագա գործունեության ընթացքում:
Հայկյան մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարադների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում մրցանակի է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը, «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը, «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը: «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում պարգևատրվել են Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողական խորհուրդները: Մրցանակներ են հանձնվել նաև այլ անվանակարգերում:

← Վերադառնալ ցուցակին