Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր գործունեության ընթացքում աստիճանաբար ակտիվացրել է իր կապերը արտերկրի քաղաքական ուժերի եւ քաղաքական միավորումների հետ: Մասնավորապես` համագործակցային կապեր են ձևավորվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Միացյալ Ռուսաստան կուսակցության հետ: Տարբեր տարիներին կուսակցական կառույցների միջև կազմակերպվել և անց են կացվել կուսակցական համատեղ միջոցառումներ: Պարբերաբար իրականացվել են փոխադարձ այցելություններ և փոխաջակցության ծրագրեր: Հատկապես գործուն աջակցություն են ստանում Միացյալ Ռուսաստանի և ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունների և երիտասարդական կազմակերպություների միջև ծավալվող աշխատանքները: Կազմակերպվում են համատեղ քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ և կոնֆերանսներ` նվիրված ընդհանուր հետաքրքրություն ունեցող խնդիրներին: Դրանք անց են կացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ` ՌԴ-ում: Միջկուսակցական միջազգային համագործակցություն է իրականացվում նաև միջխորհրդարանական հարթակներում, որտեղ վերջին տարիներին Հանրապետականը արդյունավետ համագործակցություն է ծավալել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հետ: ԵԺԿ-ն, որպես Եվրոպական տարածքի ազդեցիկ քաղաքական միավորում, իր տասնյակ կուսակցությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերն է իրականացնում ԵԺԿ-ին անդամագրված լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հրավիրվեց մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում անցկացված ԵԺԿ տարեկան համագումարի աշխատանքներին, որտեղ Հանրապետականը հայտարարվեց որպես ԵԺԿ քաղաքական ընտանիքի անդամ գործընկեր կուսակցություն` համագումարին հաջորդող քաղաքական ասամբլեայի նիստում ձեռք բերելով դիտորդ անդամի կարգավիճակ:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության հետ Հանրապետականը երկարատև համագործակցություն է իրականացնում ԱՊՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ , Ուղղափառության ԽՎ-ում: ԵԺԿ-ի հետ համագործակցությունը զարգանում է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեում, Եվրանեսթի ԽՎ, ԵԽԽՎ-ում: 2012թ. փետրվար 9-ին տեղի ունեցավ ԵԺԿ քաղաքական ասամբլիայի նիստը, որտեղ պաշտոնապես  ՀՀԿ-ն ընդունվեց ԵԺԿ կազմում` ստանալով դիտորդ-անդամ կուսակցության կարգավիճակ: