Դարձիր հանրապետական

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կուսակցություններում միավորվելու իրավունքն իրականացնում են ազատորեն՝ իրենց համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով կուսակցություններ ստեղծելու, նրանց ծրագրերը եւ կանոնադրություններն ընդունելու եւ ճանաչելու պայմանով, նրանց անդամակցելու, կուսակցությունների ծրագրային նպատակներին համապատասխան եւ կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց գործունեությանը մասնակցելու միջոցով:


«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք»

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար.

 

  • Չհանդիսանալ որեւէ այլ կուսակցության անդամ,
  • Հանդիսանալ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ-ում ունենալ ընտրական իրավունք (այս կարգավիճակով կուսակցության անդամն իրավունք չի ունենա ընտրվել կուսակցության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում),
  • Ծանոթանալ ու ընդունել կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը,
  • Անձամբ լրացնել կուսակցության անդամակցության մասին դիմումի ձեւաթուղթը եւ անձնական տվյալների թերթիկը,
  • Դիմումը եւ անձնական տվյալների թերթիկը (երկու լուսանկարներով) անձամբ ներկայացնել իր բնակության հասցեում գործող ՀՀԿ սկզբնական (շրջանային, տարածքային) կազմակերպության գրասենյակ,
  • Իր անդամակցության մասին որոշման վերաբերյալ տեղեկանալ համապատասխան գրասենյակից՝ ստանալով կուսակցության անդամատոմս,
  • Ընդգրկվելով (հաշվառվելով) սկզբնական կազմակերպության կազմում՝ ՀՀ օրենսդրության եւ կուսակցության կանոնադրության շրջանակներում ծավալել ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն:

Կուսակցությանն անդամագրվում են անձնական դիմումի համաձայն. 

  • կուսակցության շրջանային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
  • կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
  • կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ:

Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է):

 Կուսակցության անդամն իրավունք ունի՝

  • ընտրել եւ ընտրվել կուսակցության եւ տարածքային (սկզբնական, շրջանային, տարածքային) ու ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների (կանանց, երիտասարդական, մարզական եւ այլն), վերահսկողություն իրականացնող, ինչպես նաեւ ներկայացուցչական եւ ղեկավար մարմիններում (համագումար, գործադիր մարմին),
  • տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ,
  • կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքին առնչվող առաջարկություններ,
  • մասնակցել այն ժողովին եւ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,
  • դուրս գալ կուսակցության շարքերից՝ իր դիմումի համաձայն,
  • բողոքարկել կուսակցության սկզբնական, տարածքային եւ մարզային մարմինների որոշումները վերադաս մարմիններում,
  • կասեցնել եւ վերականգնել իր անդամությունը կուսակցությանը,
  • օգտվել օրենքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:


Կուսակցության անդամը պարտավոր է ՝ 

  • գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում,
  • կատարել կուսակցության համագումարի, վերադաս մարմինների որոշումները եւ ծրագրային դրույթները,
  • մասնակցել իր սկզբնական կազմակերպության ժողովներին եւ միջոցառումներին,
  • կատարել օրենքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ: