Կանոնադրություն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (այսուհետև` կուսակցություն) իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի, սույն կանոնադրության, ինչպես նաև իր ծրագրի հիման վրա: 
1.2. Կուսակցությունը գործում է ժողովրդավարության, հրապարակայնության, թափանցիկության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով, հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ընձեռված բոլոր իրավունքներից և կրում դրանցով սահմանված պարտականություններ: 
1.3. Կուսակցությունը ձգտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում ժողովրդավարական ընտրությունների միջոցով ապահովել իր ներկայացվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և այդ ճանապարհով մասնակցել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը և պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը: 
1.4. Կուսակցության անվանումն է`
- հայերեն` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (հապավումը` ՀՀԿ),
 - ռուսերեն` Республиканская партия Армении (հապավումը` РПА).
 - անգլերեն` Republican Party of Armenia (հապավումը` RPA):
 
1.5. Կուսակցությունն ունի դրոշ, խորհրդանշան, ձևաթուղթ, կլոր կնիք, բանկային հաշիվներ, այդ թվում` արտարժույթով: 
1.6. Կուսակցության դրոշը` սպիտակ, լայնության և երկարության չափերի 1:1.6 հարաբերակցությամբ, ոսկեգույն ծոպքերով պաստառ է, որի կենտրոնում պատկերված է ՀՀԿ խորհրդանշանը` 0,5 տրամագծով` լայնության հարաբերակցությամբ: 
1.7. ՀՀԿ խորհրդանշանը կարմիր հիմնագույնով հայկական ավանդական հավերժանշանն է` ութ թերթիկներով, աջ պտույտով, կենտրոնում սուր և թևերը տարածած արծիվ: 
1.8. ՀՀԿ խորհրդանշանը պատկերվում է ՀՀԿ դրոշի, կնիքի, ձևաթղթի, կրծքանշանի և անհատականացման մյուս միջոցների վրա: 
1.9. Կուսակցության իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2:
2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Կուսակցությունն իր գործունեության նպատակները և խնդիրներն է համարում`
- հայոց ազգային անկախ պետականության ամրապնդմանը, զարգացմանը և ազգային խնդիրների լուծմանը մասնակցելը.
 - ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կերտումը.
 - հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցելը.
 - իշխանությունների կազմավորման գործընթացին և պետության կառավարմանը մասնակցելը.
 - ՀՀ քաղաքական համակարգի կայունացմանը, զարգացմանը և ամրապնդմանը նպաստելը.
 - քաղաքացիական հասարակության կառուցմանը և քաղաքացիական ինստիտուտների հզորացմանն ու ժողովրդավարացմանն օժանդակելը:
 
3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ
3.1. Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ընտրական իրավունքով օժտված այն անձը (առանց կուսակցության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի), ով ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ: 
Կուսակցության անդամ չեն կարող լինել օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և այն անձինք, ովքեր «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ: 
3.2. Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն`
- կուսակցության շրջանային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
 - կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
 - կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ:
 
3.3. Կուսակցության անդամը հաշվառվում է կուսակցության որևէ սկզբնական կազմակերպությունում: 
3.4. Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է): 
3.5. Եթե ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով կուսակցությանն անդամակցությունն անթույլատրելի է դառնում, այն կասեցվում է կուսակցության անդամի դիմումի հիման վրա, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի որոշմամբ: Կասեցումը հանվում է նույն կարգով: 
3.6. Կուսակցության անդամն իրավունք ունի`
- ընտրել և ընտրվել կուսակցության տարածքային (սկզբնական, շրջանային, տարածքային) ու ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների (կանանց, երիտասարդական, մարզական և այլն), վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև ներկայացուցչական և ղեկավար մարմիններում (համագումար, գործադիր մարմին).
 - տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ. վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ.
 - կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ.
 - մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ.
 - դուրս գալ կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն.
 - բողոքարկել կուսակցության սկզբնական, շրջանային և տարածքային մարմինների որոշումներն ու գործողությունները կուսակցության վերադաս մարմիններում.
 - կասեցնել և վերականգնել իր անդամակցությունը կուսակցությանը.
 - օգտվել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
 
3.7. Կուսակցության անդամը պարտավոր է`
- գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում.
 - կատարել կուսակցության համագումարի, վերադաս մարմինների որոշումները և ծրագրային դրույթները.
 - մասնակցել սկզբնական կազմակերպության ժողովներին և միջոցառումներին.
 - կատարել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
 
3.8. Կուսակցությանն անդամակցությունը դադարում է`
- դիմումի համաձայն` կուսակցությունից դուրս գալու դեպքում.
 - կուսակցությունից հեռացվելու դեպքում.
 - սույն կանոնադրության 14.5. կետի հիմքով.
 - մահվան դեպքում.
 - կուսակցության լուծարման դեպքում:
 
3.9. Խրախուսման միջոցները. 
Կուսակցությունը կարող է պարգևատրել`
- շնորհակալագրով.
 - պատվոգրով.
 - հուշամեդալով, հուշանվերով կամ դրամական պարգևով.
 - կարգապահական տույժի հանումով:
 
3.10. Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները կամ վերադաս մարմինների որոշումները չկատարելու դեպքում կուսակցականը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության`
- նկատողություն.
 - խիստ նկատողություն.
 - հեռացում կուսակցության շարքերից:
 
Կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել սկզբնական կազմակերպության ժողովը կամ կազմակերպչական հանձնաժողովը: Տարածքային և շրջանային խորհուրդների անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել համապատասխան խորհուրդը կամ կազմակերպչական հանձնաժողովը, իսկ ներկայացուցչական և ղեկավար մարմինների անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել միայն գործադիր մարմինը:
4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Կուսակցության կառուցվածքային հիմքը կուսակցության սկզբնական կազմակերպություններն են, որոնք տեղերում իրականացնում են կուսակցության քաղաքականությունը: Սկզբնական կազմակերպությունը բաղկացած է առնվազն 15 անդամից: Սկզբնական կազմակերպության նախագահն ի պաշտոնե շրջանային խորհրդի անդամ է, իսկ դրա բացակայության դեպքում` տարածքային խորհրդի անդամ: Սկզբնական կազմակերպությունը ստեղծվում է տարածքային հատկանիշով: 
Սկզբնական կազմակերպություն կարող են ձևավորել`
- կուսակցության գործադիր մարմինը.
 - կուսակցության կազմակերպչական հանձնաժողովը.
 - կուսակցության տարածքային խորհուրդը.
 - կուսակցության շրջանային խորհուրդը:
 
4.2. Սկզբնական կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ժողովների հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով: 
4.3. Սկզբնական կազմակերպության ժողովը հրավիրվում է ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Ժողովը հրավիրում է կազմակերպության նախագահը: Ժողով կարող է հրավիրել նաև կազմակերպության անդամների առնվազն 1/3-ը` ոչ ուշ, քան երեք օր առաջ օրակարգի մասին տեղյակ պահելով կազմակերպության անդամներին: Կազմակերպության ժողովն օրինական է, եթե ժողովին մասնակցում է կազմակերպության անդամների առնվազն 1/2-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պաշտոնի համար առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ: 
4.4. Սկզբնական կազմակերպության ժողովն ընտրում է կազմակերպության նախագահ և նախագահի երկու տեղակալներ` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Կազմակերպության նախագահի կամ տեղակալի լիազորությունները սկզբնական կազմակերպության ժողովի որոշմամբ կարող են վաղաժամկետ դադարեցվել` սկզբնական կազմակերպության անդամների թվի կեսից ավելիի ձայներով: Կազմակերպության նախագահի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաև վերջինիս բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է նախագահի տարիքով ավագ տեղակալը: 
4.5. Սկզբնական կազմակերպությունը հաշվետու է կուսակցության շրջանային խորհրդին, իսկ դրա բացակայության դեպքում` տարածքային խորհրդին: Սկզբնական կազմակերպության տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնում է կազմակերպության նախագահը, յուրաքանչյուր հաջորդող տարվա հունվար ամսին: 
Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 25 օր առաջ սկզբնական կազմակերպությունը գումարում է հաշվետու ընտրական ժողով և կատարում է կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն: 
4.6. Սկզբնական կազմակերպությունն իր դրամական միջոցները (անդամավճարներ, նվիրատվություն) փոխանցում է կուսակցության շրջանային խորհրդին, իսկ դրա բացակայության դեպքում` տարածքային խորհրդին: Սկզբնական կազմակերպությունը կուսակցության կողմից հատկացված դրամական միջոցների ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացնում է շրջանային խորհրդին, իսկ դրա բացակայության դեպքում` տարածքային խորհրդին: 
4.7. Այն սկզբնական կազմակերպությունը, որի նախագահն ընտրվում է շրջանային, իսկ դրա բացակայության դեպքում` տարածքային խորհրդի նախագահ կամ տեղակալ, ընտրում է նոր նախագահ:
5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում են կուսակցության շրջանային կազմակերպություններ, որոնց գործունեության տարածքային տիրույթը սահմանում է գործադիր մարմինը: Շրջանային խորհուրդը կազմավորվում է սկզբնական կազմակերպությունների նախագահներից: 
5.2. Կուսակցության շրջանային խորհրդի նախագահը և նրա երկու տեղակալներն ընտրվում են կուսակցության շրջանային խորհրդի անդամների կազմից` բաց կամ գաղտնի քվեարկությամբ` ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Շրջանային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել շրջանային խորհրդի նախագահի և տեղակալների վաղաժամկետ ընտրություն: Շրջանային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաև վերջինիս բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է նախագահի տարիքով ավագ տեղակալը:Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 20 օր առաջ կատարվում է շրջանային խորհրդի նախագահի և նրա տեղակալների ընտրություն: 
5.3. Կուսակցության շրջանային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է խորհրդի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով: 
5.4. Կուսակցության շրջանային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը: Նիստ կարող է հրավիրել նաև խորհրդի անդամների առնվազն 1/3-ը` ոչ ուշ, քան երեք օր առաջ օրակարգի մասին տեղյակ պահելով խորհրդի անդամներին: Նիստն օրինական է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 1/2-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պաշտոնի համար առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ: 
5.5. Կուսակցության շրջանային խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է տարածքային խորհրդին: Տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացվում է կուսակցության շրջանային խորհրդի նախագահի կողմից` յուրաքանչյուր հաջորդող տարվա փետրվար ամսվա վերջին: 
5.6. Կուսակցության շրջանային խորհուրդն իր դրամական միջոցները փոխանցում է տարածքային խորհրդին: Կուսակցության շրջանային խորհուրդը կուսակցության կողմից հատկացված դրամական միջոցների ծախսերի մասին հաշվետվությունը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է տարածքային խորհրդին: 
5.7. Կուսակցության շրջանային խորհուրդն իրավունք ունի կուսակցության սկզբնական կազմակերպությունը լուծարելու հարց բարձրացնել կուսակցության տարածքային խորհրդի առջև: 
5.8. Այն շրջանային խորհուրդը, որի նախագահը կամ տեղակալն ընտրվում է տարածքային խորհրդի նախագահ կամ տեղակալ, ընտրում է նոր նախագահ կամ տեղակալ:
6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում են կուսակցական տարածքային կազմակերպություններ: Տարածքային խորհուրդը կազմավորվում է մարզի տարածքում գործող շրջանային խորհրդի նախագահներից և նրանց տեղակալներից: 
6.2. Կուսակցության տարածքային խորհրդի նախագահը և նրա երկու տեղակալներն ընտրվում են տարածքային խորհրդի անդամների կազմից` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Տարածքային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների վաղաժամկետ ընտրություն: Տարածքային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաև վերջինիս բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է նախագահի տարիքով ավագ տեղակալը: Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 15 օր առաջ տարածքային խորհուրդը կատարում է տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն: 
6.3. Կուսակցության տարածքային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է խորհրդի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով: 
6.4. Կուսակցության տարածքային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը: Նիստ կարող է հրավիրել նաև խորհրդի անդամների առնվազն 1/3-ը` ոչ ուշ, քան երեք օր առաջ օրակարգի մասին տեղյակ պահելով խորհրդի անդամներին: Նիստն օրինական է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 1/2-ը: Տարածքային խորհրդի որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պաշտոնի համար առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ: 
6.5. Կուսակցության տարածքային խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է կուսակցության գործադիր մարմնին: Տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացվում է կուսակցության տարածքային խորհրդի նախագահի կողմից` յուրաքանչյուր հաջորդող տարվա մարտ ամսվա ընթացքում: 
6.6. Կուսակցության տարածքային խորհուրդը համակարգում և վերահսկում է շրջանային կազմակերպությունների աշխատանքները: Կուսակցության տարածքային խորհուրդը կարող է լուծարել կուսակցության սկզբնական կազմակերպությունը` իր նախաձեռնությամբ կամ կուսակցության շրջանային կազմակերպության առաջարկով: Կուսակցության տարածքային խորհուրդը կուսակցության շրջանային կազմակերպության լուծարման հարցը կարող է ներկայացնել կուսակցության գործադիր մարմնին: 
6.7. Կուսակցության տարածքային խորհուրդն իր դրամական միջոցները փոխանցում է կուսակցության դրամարկղ: Կուսակցության տարածքային խորհուրդը կուսակցության կողմից հատկացված դրամական միջոցների ծախսերի մասին հաշվետվությունը տարեկան մեկ անգամ ներկայացնում է գործադիր մարմնին:
7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7.1. Երևան քաղաքի վարչական շրջաններում ստեղծվում են կուսակցության տարածքային կազմակերպություններ, իսկ գործադիր մարմնի որոշմամբ` նաև կուսակցության շրջանային կազմակերպություններ: 
7.2. Երևան քաղաքի վարչական շրջանների տարածքային խորհուրդները կազմվում են վարչական տարածքում գործող շրջանային խորհրդի նախագահներից և տեղակալներից, իսկ դրա բացակայության դեպքում` սկզբնական կազմակերպությունների նախագահներից: 
7.3. Երևան քաղաքի վարչական շրջանների սկզբնական կազմակերպությունը հաշվետու է շրջանային խորհրդին, իսկ դրա բացակայության դեպքում` տարածքային խորհրդին: 
7.4. Սկզբնական կազմակերպությունն իր դրամական միջոցները (անդամավճարներ, նվիրատվություն) փոխանցում է կուսակցության շրջանային խորհրդին, այդպիսիք կազմավորված չլինելու դեպքում` տարածքային խորհրդին: 
7.5. Կուսակցության Երևան քաղաքի տարածքային խորհուրդն իրավունք ունի կուսակցության շրջանային խորհուրդը կամ սկզբնական կազմակերպությունը լուծարելու հարց բարձրացնել կուսակցության գործադիր մարմնի առջև:
8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 
8.1. Կուսակցության համագումարը կուսակցության բարձրագույն մարմինն է, որի ընդունած որոշումները պարտադիր են կուսակցության բոլոր մարմինների և անդամների համար: Կուսակցության համագումարում ընտրված և կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները հաշվետու են համագումարին: 
8.2. Կուսակցության հերթական համագումարը հրավիրում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն առնվազն երկու տարին մեկ անգամ: 
8.3. Համագումարի պատվիրակներն առաջադրվում են սկզբնական կազմակերպությունների ժողովներում: Համագումարն իրավազոր է, եթե ներկա է (գրանցված է) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Կուսակցության կանոնադրության ու ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 
Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ: 
Գաղտնի քվեարկությունն անցկացվում է համագումարին ներկա պատվիրակների առնվազն 1/3-ի պահանջով, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պաշտոնի համար առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ: 
8.4. Արտահերթ համագումար կարող է հրավիրվել կուսակցության նախագահի առաջարկությամբ կամ ՀՀԿ անդամների 1/5-ի պահանջով` գործադիր մարմնի որոշմամբ: 
8.5. Կուսակցության համագումարը`
- լսում և հաստատում է կուսակցության նախագահի հաշվետվությունն իր և գործադիր մարմնի գործունեության մասին.
 - քննարկում և հաստատում է կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը և դրանցում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները.
 - ընտրում է կուսակցության նախագահ.
 - ընտրում է կուսակցության գործադիր մարմին.
 - որոշում է կուսակցության ռազմավարական քաղաքական ուղին, կուսակցության նպատակների և խնդիրների իրագործման գործելակերպն ու իրականացման ուղղությունները.
 - լսում և հաստատում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը.
 - որոշում է վերստուգիչ հանձնաժողովի անդամների թիվը և ընտրում կուսակցության վերստուգիչ հանձնաժողով.
 - որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին.
 - որոշում է ընդունում կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին:
 
9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
9.1. Կուսակցության նախագահն ընտրվում է համագումարի կողմից երկու տարի ժամկետով` ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ: Կուսակցության նախագահի թեկնածություններն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված է համարվում համագումարի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուն: 
9.2. Կուսակցության նախագահի բացակայության դեպքում գործադիր մարմնի անդամներից մեկը կուսակցության նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կուսակցության նախագահի լիազորությունները: 
9.3. Կուսակցության նախագահը`
- իրականացնում է կուսակցության ընդհանուր ղեկավարումը.
 - ներկայացնում է կուսակցությունը, նրա շահերը և դիրքորոշումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում կամ այդ նպատակով լիազորում է կուսակցության այլ անդամների.
 - ի պաշտոնե կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի անդամ է.
 - հրավիրում է կուսակցության խորհրդի կամ գործադիր մարմնի նիստ.
 - հերթական համագումարի հրավիրումից մեկ ամիս առաջ հրավիրում է կուսակցության գործադիր մարմնի նիստ, որտեղ որոշվում է համագումարի օրակարգի նախագիծը.
 - ղեկավարում է կուսակցության գործադիր մարմնի աշխատանքները և նախագահում կուսակցության խորհրդի նիստը.
 - տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները.
 - հաստատում է (ստորագրում է) կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի որոշումները կուսակցության պաշտոնաթերթի և այլ պարբերականների հրատարակման մասին.
 - կազմավորում է իր աշխատակազմը.
 - կուսակցության անունից հաստատում (ստորագրում) է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
 - կուսակցության գործադիր մարմնի անդամների կազմից կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության նախագահի տեղակալների և կուսակցության հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.
 - սահմանում է կուսակցության նախագահի տեղակալների կողմից անմիջականորեն համակարգվող ոլորտները.
 - կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի առաջարկները.
 - կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի հավանությանն արժանացած` Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող ՀՀԿ թեկնածուներին.
 - կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները.
 - հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին է ներկայացնում կուսակցության ֆինանսական հաշվետվությունները.
 - օրենքով սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է կուսակցության ֆինանսական և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները.
 - իրականացնում է սույն կանոնադրությամբ և կուսակցության համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
 
Կուսակցության պաշտոնական դիրքորոշումն արտահայտում են կուսակցության նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև նախագահի հանձնարարությամբ` գործադիր մարմնի անդամները և Ազգային ժողովում` ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
10.1. Կուսակցության ներկայացուցչական մարմինը կուսակցության խորհուրդն է: 
Կուսակցության խորհրդում ի պաշտոնե ընդգրկվում են`
- կուսակցության նախագահը.
 - գործադիր մարմնի անդամները.
 - կուսակցության անդամ պատգամավորները.
 - կուսակցության անդամ կառավարության անդամները.
 - կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները, կուսակցության ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
 
10.2. Կուսակցության խորհուրդը կարող է համալրվել գործադիր մարմնի որոշմամբ: 
10.3. Կուսակցության խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է խորհրդի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության համագումարի որոշումների կատարման միջոցով: 
10.4. Կուսակցության խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան տարին երեք անգամ: Կուսակցության նախագահի, գործադիր մարմնի, ինչպես նաև խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ նախատեսված օրակարգով կարող է հրավիրվել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: 
10.5. Կուսակցության խորհուրդը`
- վերահսկում է համագումարի և իր որոշումների կատարումը.
 - հաստատում է գործադիր մարմնի կողմից մշակված և ներկայացված` կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային և կանոնադրական փաստաթղթերի նախագծերը, կուսակցության մարտավարական սկզբունքները,
 - կուսակցության անունից անում է հայտարարություններ և առաջարկություններ.
 - հաստատում է Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության գործունեության հիմնական ուղղությունները, լսում է գործադիր մարմնի տարեկան հաղորդումը.
 - հաստատում է կուսակցության նախագահի կողմից առաջադրված կուսակցության նախագահի տեղակալների, կուսակցության հանձնաժողովների նախագահների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները.
 - քննարկում և գործադիր մարմնի հաստատմանն է ներկայացնում Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված պատգամավորության թեկնածուներին.
 - հաստատում է կուսակցության գործադիր մարմնի հավանությանն արժանացած կուսակցության նախընտրական ծրագիրը, Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող ՀՀԿ թեկնածուներին.
 - որոշում է կայացնում Ազգային ժողովի ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին.
 - որոշում է կայացնում խորհրդարանական այլ ուժերի հետ դաշինք ստեղծելու մասին.
 - որոշում է կայացնում այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ համագործակցելու, միջազգային միություններին և ասոցիացիաներին անդամագրվելու մասին.
 - անհրաժեշտության դեպքում գործադիր մարմնի առաջարկությամբ լսում է կուսակցության տարածքային խորհուրդների հաշվետվությունները:
 
11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
11.1. Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության գործադիր մարմինն է, որն ընտրվում է կուսակցության համագումարում` երկու տարի ժամկետով: Գործադիր մարմնի անդամների թիվը որոշում է համագումարը: Գործադիր մարմնի անդամության թեկնածուներն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից:
- Գործադիր մարմնի անդամների ընտրությունը կատարվում է բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Ընտրված են համարվում համագումարի պատվիրակների առավել կողմ ձայներ ստացած թեկնածուները:
 - Կուսակցության գործադիր մարմինն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի նիստերի, որոշումների ընդունման, դրանց և կուսակցության համագումարի որոշումների կատարման միջոցով:
 - Կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը:
 
11.2. Կուսակցության գործադիր մարմինը`
- կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է կուսակցության համագումարի որոշումների կատարման ընթացքը.
 - հրավիրում է կուսակցության հերթական համագումար և նախապատրաստում դրա անցկացումը.
 - որոշում է կայացնում համագումարի օրակարգի նախագիծը հաստատելու մասին.
 - որոշում է համագումարի գումարման օրը, պատվիրակների ընտրության կարգը, ընդհանուր թիվը.
 - հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար կուսակցության նախագահի առաջարկությամբ կամ ՀՀԿ անդամների 1/5-ի պահանջով.
 - որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի առաջադրման վերաբերյալ կամ առաջադրված որևէ թեկնածուի պաշտպանելու մասին.
 - որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածուներ առաջադրելու մասին.
 - հավանություն է տալիս Ազգային ժողովում և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող ՀՀԿ թեկնածուներին.
 - քննարկում է կուսակցության նախընտրական ծրագիրը և ներկայացնում խորհրդի հաստատմանը.
 - քննարկում և լուծում է կուսակցության ընթացիկ գործունեությանն առնչվող խնդիրները.
 - մշակում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, կանոնադրական, ծրագրային և կուսակցության ռազմավարությանն առնչվող փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև կուսակցության մարտավարական սկզբունքները.
 - կարող է ստեղծել և լուծարել կուսակցության ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումներ.
 - վերահսկում է կուսակցության տարածքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունների և ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.
 - տարին մեկ անգամ հաղորդում է ներկայացնում կուսակցության խորհրդին` իր գործունեության վերաբերյալ.
 - առանձին դեպքերում որոշում է կայացնում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության դիրքորոշման մասին.
 - որոշում է ընդունում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում թեկնածուներ առաջադրելու մասին.
 - ընդունում է ներկուսակցական ակտեր (որոշում, կարգադրություն, հանձնարարական, հրահանգ, հայտարարություն, ցուցում և այլն), բացառությամբ` համագումարի կամ խորհրդի իրավասությանը վերապահված ակտերի.
 - որոշում է կայացնում խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին.
 - որոշում է կայացնում տարածքային, շրջանային կամ սկզբնական կազմակերպությունների արտահերթ նիստեր (ժողովներ) հրավիրելու և նիստերում (ժողովներում) պարտադիր քննարկման ենթակա հարցերի մասին.
 - անհրաժեշտության կամ բողոքարկման դեպքերում կարող է վերանայել կուսակցության կառույցների որոշումները.
 - անհրաժեշտության դեպքում ստեղծում է շրջանային կազմակերպություն.
 - կուսակցության տարածքային խորհրդի առաջարկությամբ կարող է լուծարել կուսակցության շրջանային կազմակերպությունը.
 - սահմանում է շրջանային կազմակերպության գործունեության տարածքային տիրույթը.
 - իր նախաձեռնությամբ` կուսակցության նախագահի համաձայնությամբ կարող է լուծարել կուսակցության տարածքային կազմակերպությունը.
 - լսում է կուսակցության տարածքային խորհուրդների տարեկան հաշվետվությունները.
 - կուսակցության անունից անում է հայտարարություններ.
 - համակարգում և հսկողություն է իրականացնում կուսակցության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ.
 - որոշում է կայացնում կուսակցության գործունեության բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կանոնադրությամբ վերապահված չեն կուսակցության համագումարի, նախագահի կամ խորհրդի բացառիկ իրավասությանը.
 - իրականացնում է կուսակցության` որպես իրավաբանական անձի, լիազորությունները.
 - հաստատում է կուսակցության գույքի կառավարման կարգը և դրամական ծախսերի նախահաշիվը.
 - սահմանում է անդամավճարների գանձման կարգը.
 - թույլատրում է պատրաստել հուշանվերներ` ՀՀԿ խորհրդանշանի պատկերով, ինչպես նաև սահմանում կուսակցության հուշամեդալներ և դրանց տրման կարգը.
 - հաշվետու է համագումարին:
 
12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
12.1. Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով համագումարի կողմից երկու տարի ժամկետով ընտրվում է վերստուգիչ հանձնաժողով: 
12.2. Վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ, կուսակցության տարածքային ու ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար: 
12.3. Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: 
12.4. Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է կուսակցության համագումարին: 
12.5. Վերստուգիչ հանձնաժողովը`
- վերահսկում է կուսակցության դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացները.
 - ստուգում է դրամական միջոցների մուտքերի և ելքերի օրինականությունը.
 - վերահսկում է կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները.
 - ստուգում է կուսակցության գույքի հետ կապված գործընթացները:
 
13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
13.1. Կուսակցության սեփականությունը, այդ թվում` ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ շինություններ, փոխադրական միջոցներ և այլ գույք, գոյանում են` նվիրատվությունից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից: 
13.2. Կուսակցության կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը կուսակցությունն է: 
13.3. Կուսակցության տարածքային և ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումները սեփականատիրոջ կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և օգտագործում են գործադիր մարմնի կողմից նախատեսված սահմաններում ու կարգով: 
13.4. Դրամական միջոցները ձևավորվում են անդամավճարներից, օրենքով նախատեսված նվիրատվություններից, օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումից, քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից: 
13.5. Կուսակցության գույքը և դրամական միջոցները տնօրինում է կուսակցության նախագահը կամ նրա կողմից լիազորվելու դեպքում կարող է տնօրինել կուսակցության գործադիր մարմնի անդամներից մեկը` ըստ կուսակցության գործադիր մարմնի կողմից հաստատված նախահաշվի և կարգի:
14. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
14.1. Կուսակցության վերակազմակերպումը և (կամ) լուծարումը կարող է կատարվել կուսակցության համագումարի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ)  միայն այլ կուսակցության (կուսակցությունների) : 
14.2. Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ կուսակցության գործադիր մարմինը կամ կուսակցության համագումարի պատվիրակների առնվազն 1/3-ը՝ գրավոր պահանջով: 
14.3. Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին որոշումն ընդունվում է կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: 
14.4. Համագումարի կողմից կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելու դեպքում ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները, ինչպես նաև իրականացնում է կուսակցության լուծարման հետ կապված աշխատանքները: Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը, կուսակցության համագումարի որոշմամբ, փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի, կամ Հայաստանի Հանրապետությանը: 
14.5. Կուսակցության լուծարման նախաձեռնությունը համագումարի կողմից մերժվելու դեպքում, այդ մասին որոշման ընդունման պահից, դադարեցվում է լուծարման նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցության անդամների անդամակցությունը, և անհրաժեշտության դեպքում կատարվում են նոր ընտրություններ: 
14.6. Կուսակցությունը ենթակա է լուծարման նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
 
