Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
16.03.2016
Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1598թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:
Նախագահ Անաստասիադիսը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ խաչքար հուշարձանն արտացոլում է հայ և կիպրացի ժողովուրդների, երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Կիպրոսի միջև անքակտելի կապը. «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել և պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների և արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այդ ոճրագործությունը: Մեր երկրներն ու ժողովուրդները, իմ ընկեր`Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, խաղաղությամբ խնդիրների լուծմանը և իրենց ապագան որոշում են` հարգանքով վերաբերելով մարդու իրավունքներին: Հայ ժողովրդի այն զավակները, որոնք հարյուր տարի առաջ ցեղասպանությունից փախչելով հաստատվեցին Կիպրոսում, այսօր Կիպրոսի հասարակության ակտիվ և շատ կարևոր մաս են կազմում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց լեզուն, ինքնությունը, ավանդույթները և հարգանքով վերաբերելով իրենց ծագմանը, իրենց երկրին ու նաև այն երկրին, որն ընդունեց իրենց: Մենք հպարտ ենք, որ նրանք մեր հասարակության մաս են կազմում:
Կիպրոսը և Հայաստանը շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ միավորելով ուժերը երկու ժողովուրդների կողմից հանուն արդարության տարվող իրենց պայքարում հաղթանակ արձանագրելու համար: Այսօրվա այս հուշարձանի բացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է բոլորին այն խորը և պատմական բարեկամական հարաբերությունների մասին, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև»,-ասել է Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
ՀՀ Նախագահը խորհրդանշական է համարել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից պուրակում տեղադրված` հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ժառանգության ամենայուրօրինակ հորինվածքների մեկի՝ խաչքարի ընտրությունը որպես նվեր և նշել, որ այն այսուհետ Կիպրոսի ժողովրդին ու Կիպրոս այցելող օտարազգիներին կներկայացնի Հայաստանն ու հայ ժողովրդին և կհանդիսանա հայ-կիպրական եղբայրության խոսուն վկան: Այն նաև ահազանգ կհնչեցնի, որ մշակութային ցանկացած դրսևորման դեմ ոտնձգություն ոճիր է մարդկության հանդեպ և կպատգամի միասնականություն աշխարհի առաջադեմ մարդկությանը՝ պայքարելու պատմության ու մշակույթի ինքնատիպ կրիչ հանդիսացող կոթողներին սպառնացող բիրտ ուժի դեմ. «Հայ ժողովրդի հոգևոր արժեքների և քրիստոնեական ոգու խորհրդանիշ դարձած արվեստի այս գլուխգործոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված է ավելի քան 10 հազար խաչքար, և դրանցից յուրաքանչյուրը եզակի է իր հորինվածքով և տարբերվող զարդանախշերով:
Մեզ՝ հայերիս համար, խաչը, եկեղեցին բացառիկ պատմական դերակատարություն են ունեցել։ Պետականության երկարատև բացակայության պայմաններում եկեղեցին հաճախ ստանձնել է պետության դերը, համախմբելով մեր ժողովրդին, իսկ խաչքարը՝ փայփայել ու պահպանել հայ ինքնությունը, ինչն էլ մեզ 25 տարի առաջ հնարավորություն տվեց վերակերտել մեր անկախ պետականությունը:
Ուստի բարեկամ կիպրացի ժողովրդին այս խորհրդանշական նվերի ընտրությունը պատահական չէր: Ոգեղենն ու նյութականը՝ խաչն ու քարը միավորվել ու ոգի են ստացել՝ ամփոփելով մեր պատմությունը, մշակույթը, հավատքը, հոգեկերտվածքը, մտածողությունը: Եթե մեկտեղենք աշխարհով մեկ սփռված բոլոր խաչքարերը, կստանանք թերևս հայ ժողովրդի քրիստոնեական շրջանի ողջ անցած ուղին:
Պատմության ընթացքում արարված յուրաքանչյուր խաչքար խոսում է առանց բառերի, պատմում՝ մեր պատմության փառապանծ էջերի ու ձախողումների մասին, վերելքների ու անկումների մասին: Դրանց շարքերում կան այնպիսիք, որ ցայսօր կանգուն են մայրենի հողում՝ որպես Հայոց պետականության դարավոր վկաներ, կան այնպիսիք, որ սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով մեր ազգի հիշողությունը: Կան և այնպիսիք, որ մարտնչել են զինվորների պես, ինչպես ավերումից փրկված արցախյան խաչքարերը: Եղել են, ցավոք, և այնպիսիք, որոնք ոչնչացվել են բարբարոսաբար, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում ոչնչացված 3000 խաչքարերը:
Այստեղ տեղադրված այս հիասքանչ նմուշը կրկնօրինակն է ոչնչացված այդ խաչքարերից մեկի, որը թվագրվում է 16-րդ դարին: Այն ոչնչացվել է, բայց վերածնվել՝ ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: