Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ
14.06.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա է գտնվել «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացել գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության Նախագահը շրջել է հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում: Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նոր հոսքագծի գործարկմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Շրջայցից հետո, Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ Գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության և KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջև:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է նաև մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամաս, որտեղ քաղաքապետը ներկայացրել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու և Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքները: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով նախագծվել և ծրագրի առաջին փուլում իրականացվել է Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու կառուցումը: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թվականի հուլիսին, ավարտվել՝ 2014թ. մայիսի 31-ին: Կառուցվել են երկու տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Պողոտայի հանգույցն ապահովում է մեքենաների երթևեկությունն առանց հատումների և ստեղծում տրանսպորտային կապ՝ պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց: Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Ճանապարհին զուգահեռ 1.6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6.8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն դրամ:
Նախագահին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3.1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը, որը կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով ու կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին՝ այդպիսով ապահովելով Արշակունյաց պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, ինչի արդյունքում էականորեն կբեռնաթափվի դեպի մայրաքաղաքի կենտրոն տրանսպորտային հոսքը։
Սերժ Սարգսյանը եղել է նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է բազմաբնակարան համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցել տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ:
Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքների կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն և իրականացվում են փուլերով: Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը: Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին: Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ հուլիսի 1-ին:
Նախագահին ներկայացրել են նաև 2012թ. հուլիսին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ փուլում բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ. դեկտեմբերի 1-ին: Ընդգծվել է, որ բոլոր վեց նորակառույց շենքերը միևնույն որակական չափանիշներն ունեն:
Շրջայցի ժամանակ ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր և էկոլոգիապես արդյունավետ մեքենաները ևս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին: