Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013Թ. ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
16.10.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ
Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Սիրելի՛ ուսուցիչներ,
«Սինոփսիս Արմենիա» ընկերության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ԱՄՆ հարգելի՛ դեսպան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Առաջին հերթին շնորհավորանքի և շնորհակալության խոսք եմ ուղղում պարգևների արժանացած մեր երիտասարդներին: Այս պարգևները նվաճելով՝ դուք ապացուցում եք, որ պատրաստ եք ինքնուրույն մուտք գործելու մեծ կյանքի ուղի:
Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից և նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու և հայրենասեր մարդիկ եք մեծանում:
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես և նրանց համար չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը:
Միևնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների և ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները ևս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թո՛ղ նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլև իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում պարգևներ և կրթաթոշակներ ստանալիս:
Դա հնարավոր է, հաստա՛տ հնարավոր է: Խնդրում եմ՝ պատմե՛ք բոլորին դրա մասին:
Սա ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել: Եվ ես երախտապարտ եմ ձեզ՝ ձեր ձգտման, համառության, խանդավառության և եռանդի համար:
Ես վստահ եմ, որ այս առաջին պարգևին արժանանալով՝ դուք սրա վրա կանգ չեք առնելու: Արժանանալու եք շատ ավելի մեծ պարգևների: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է:
Դուք այդ լավ սկիզբը դրել եք, իսկ ես և ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ազնիվ գործի երկրորդ կեսն էլ իրականություն դառնա: Վստահ եղեք, որ ինչպես այս պարագայում, ձեր կողքին կլինեն Հայաստանի պետական և մասնավոր շատ հաստատություններ՝ ձեզ համար հասու դարձնելով իրենց հնարավորությունները:
Աշխարհում այսօր մարդկային գիտելիքը և տաղանդն ամենաթանկն է գնահատվում: Իսկ դուք այսօր ներկայացնում եք մեր ժողովրդի տաղանդները, մեր ժողովրդի հարստությունը, մեր հասարակության սերուցքը: Ո՛չ մի կասկած չունեմ, որ ի դեմս ձեզ այստեղ է մեր Հայաստան աշխարհի ապագան, լուսավոր ապագան:
Սիրելի՛ բարեկամներ,
Ձեզ շնորհավորելու և մեծարելու այս արարողությանը մենք խնդրեցինք մասնակցել այս օրերին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահներին, ովքեր ժամանել են Հայաստան՝ մեզ հետ կիսելու մեր ուրախությունը՝ կապված Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի հետ: Կարծում եմ՝ ապագա գիտնականների և գիտելիքի ուղով ընթացող պատանիների և աղջիկների համար այս տարիքում սա ինքնին հրաշալի ու խորհրդանշական նվեր է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներով լի անամպ ճանապարհ, որը նոր հաղթանակներ կբերի ձեզանից յուրաքանչյուրին և մեր ողջ ժողովրդին:
Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս ծրագրի իրականացմանը:
Շնորհակալ եմ:
***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգևի վերաբերյալ
ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:
Հաղթողների համար սահմանվել են` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ մասնակից», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները: Մրցանակաբաշխության գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: