Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
14.03.2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ և կայուն զարգացման վրա:
Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը առավելագույն ջանքեր գործադրելու հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների և համագործակցության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: