Նախագահ
Հանդիպումներ Նորք-Մարաշում, Նոր Նորքում և Աջափնյակում
13.02.2013
Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագրի՝ «Ապահով Հայաստան»-ի դրույթներն ու ինչպես հանրապետության բազմաթիվ բնակավայրերում մինչ այժմ ունեցած հանդիպումների ժամանակ՝ պատասխանել է ընտրողներին հետաքրքրող հարցերին: Նկատի առնելով, որ այս օրերին նշվում է Արցախյան շարժման 25-րդ տարեդարձը, Սերժ Սարգսյանն այսօրվա իր ելույթներում առանձնահատուկ շեշտադրում է կատարել այդ դրույթներից՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի վրա: ՀՀ նախագահի թեկնածուն հակիրճ անդրադարձել է շարժման նախապատմությանը, այն դժվարություններին, որոնց միջով Ադրբեջանի սանձազերծած տևական ու դժվարին պատերազմի տարիներին անցան հայության արցախյան հատվածը, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունն ու ընդհանրապես ամբողջ հայ ժողովուրդը: «Արցախը, թիկունքում ունենալով ողջ հայության աջակցությունը, պատվով է բռնել պատերազմի քննությունը և շարունակում է պատվով հանձնել խաղաղության քննությունը։ Խաղաղության քննություն ասելով՝ մենք նկատի ունենք երկրի համակողմանի զարգացումը՝ տնտեսություն և կրթություն, առողջապահություն և մշակույթ, պետականաշինություն և բանակաշինություն։ Բայց ազատասեր արցախցու ամենալուրջ ձեռքբերումները ես համարում եմ քաղաքականը՝ ժողովրդավարություն և խոսքի ազատություն, բնականոն խորհրդարանական և նախագահական ընտրություններ և այլն»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և այդ գործընթացում Ադրբեջանի որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշման, շանտաժի ճանապարհով հայկական կողմից միակողմանի զիջումներ կորզելու այդ երկրի ղեկավարության դատապարտված փորձերի ու հիմնախնդիրը բանակցությունների միջոցով լուծելու Հայաստանի դիրքորոշման մասին: ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ 25 տարի առաջ արցախցին կատարել է իր քայլը, և այն անշրջելի է ինչպես պատմության անիվը: «Դրա երաշխավորը ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ է։ Այն Հայաստանը, որի կերտմանը ձեռնամուխ ենք եղել մենք՝ ձեզ հետ միասին։ Այսինքն եթե ասում ենք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ, մենք հասկանում ենք նաև ապահով Արցախ»,-նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ դա պայքար էր մեր անկախության համար և այդ պայքարն արդար էր, ու մենք հաղթեցինք: ՀՀ նախագահի թեկնածուն իր ելույթում անդրադարձել է նաև արդարության համար հայ ժողովրդի մյուս պայքարին, որը շուտով կբոլորի 100 տարին: Սակայն պատմական անարդարության դեմ մեր ժողովրդի պայքարին զուգահեռ, Սերժ Սարգսյանի համոզմամբ, այլ ճակատներ էլ կան. դա պայքար է ներքին հոռի երևույթների, ներքին կյանքում անարդարության դեմ: «…Դա պայքար է մեր հանրային ու մասնավոր կյանքը արդարության հիման վրա կառուցելու համար, դա պայքար է մեր մասնավոր և հանրային վեճերը արդարաբար լուծելու համար:
Ինձ համար արդարություն նշանակում է հավասար հնարավորությունների ապահովում, իրավունքի գերակայություն և իհարկե՝ արդար կառավարում:
Արտոնյալները, կամայականությունը, անհավասարությունը, խտրականությունը առաջիկա տարիներին հայտարարվելու են հայրենիքը սիրող, հայրենիքի հաջողություններով ուրախացող ու հպարտացող, իր ճակատագիրը իր հայրենիքի ճակատագրից չբաժանող յուրաքանչյուր հայաստանցու թշնամիներ:
Ասել եմ ու նորից կասեմ, որ այլևս անընդունելի են բացթողումներն ու երկրում առկա՝ լուծման կարոտ խնդիրները պայմանավորել խորհրդային տարիներից ժառանգություն մնացած արատավոր երևույթներով և մեր պետականության երիտասարդ լինելու հանգամանքով»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա վստահեցրել է ընտրողներին, որ միասնաբար գործելու դեպքում, դժվարին թվացող բոլոր այդ խնդիրները միանգամայն հնարավոր է լուծել:
Նախընտրական հանդիպումների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն ընտրողներին տեղեկացրել է նաև մի կարևոր նախաձեռնության՝ ուսանողներին ուսման վարձերը վճարելու համար վարկերի տրամադրման գործընթացի մասին, անդրադարձել մեկ այլ՝ ս.թ. մարտի սկզբներից մեկնարկելիք «Զինվորական ծառայողներին սպա¬¬ռողական վարկավորման սուբսիդավորման ծրագրին», որի շրջանակներում որոշակի աջակցություն կցուցաբերվի զինծառայողներին, ոստիկաններին և անվտանգության մարմիններում աշխատողներին: «Կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար մենք այս կատեգորիայի պետական ծառայողներին հատկացնելու ենք վարկեր, սուբսիդավորելու ենք տոկոսները, և շահառուները հնարավորություն են ունենալու 9 կամ 10 տոկոսով ստանալ առանց գրավի վարկեր՝ 7 տարի մարման ժամկետով: Կարծում եմ, որ սա հնարավորություն կտա առաջին հերթին նոր ծառայություն սկսող մեր սպաներին, ոստիկաններին, անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ ինչ-որ չափով բարելավելու իրենց կենցաղային խնդիրները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ելույթներից մեկում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև քարոզարշավի ժամանակ ընտրողների առջև պատասխանատվության գիտակցումով, պատրաստված ու տրամաբանական խոսքով հանդես գալու կարևորության մասին՝ անընդունելի համարելով սոսկ գեղեցիկ հռետորաբանությամբ ընտրողների առջև թվային անհամապատասխանություններով խոստումներ շռայլելը: