Նախագահ
Հանդիպումներ Սյունիքի մարզի ընտրողների հետ
22.01.2013
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնել է Սյունիքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ընտրողների հետ:
Սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ նախորդ հանդիպումից դեռևս մեկ տարի էլ չի անցել, Սերժ Սարգսյանը կարևորել է անմիջականորեն տեղում ճշտելը, թե անցած այդ ժամանակահատվածում որքանո՞վ է մարդկանց պահանջներին, ծրագրերին, կարծիքներին համահունչ աշխատել, որքանո՞վ այդ պահանջներն արտահայտած մարդկանց հետ համաքայլ է ընթանում, արդյո՞ք բոլորի ժամացույցի սլաքները համընթաց են շարժվում: «Պետական կառավարման համակարգում աշխատելու իմ փորձից համոզվել եմ, որ ղեկավարը, ինչ մակարդակի էլ լինի, պետք է քայլի մարդկանց պահանջներին համընթաց՝ բնականաբար, մշտապես իմանալով, ճշտելով նրանց կարծիքը»,-ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Ղեկավարի համար Սերժ Սարգսյանը կարևորել է առաջինն իր նկատմամբ խստապահանջությունն ու կարգապահությունը՝ նախքան ուրիշներից այն պահանջելը: Սյունեցիներին Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ նախորդ հանդիպմանը տված իր ամենակարևոր խոստումը կատարել է՝ աշխատել է օրնիբուն, առավոտից մինչ ուշ երեկո և աշխատել է նվիրումով՝ փորձելով իր գործունեությամբ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները:
ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, բնականաբար, բոլոր խնդիրները միանգամից հնարավոր չէ լուծել և ապագայի ծրագրեր չունենալ: Նա ընդգծել է, որ իր թիկունքին կազմակերպված քաղաքական ուժ ունեցող ցանկացած ղեկավար պարտավոր է մշտապես նշաձողը բարձր դնել, և եթե այս ընթացքում բոլոր խոստումները չէ, որ ամբողջությամբ կատարվել են, ապա վստահորեն կարելի է ասել, որ տարին եզրափակվել է ոչ վատ ցուցանիշներով: Անցած ժամանակահատվածում շատ լավ հիմքեր են ստեղծվել, որպեսզի մեր երկրի առաջընթացն ավելի արագ լինի: Կրկին խնդրելով սյունեցիների աջակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ համատեղ ուժերով, միասին յուրաքանչյուր տարի նոր և ավելի մեծ ձեռքբերումներ են ունենալու:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում հանդիպում ունեցել հանքարդյունաբերության ոլորտում Սյունիքում ակտիվ գործունեություն ծավալած «Դինո գոլդ մայնինգ» ընկերության ղեկավար կազմի և ինժեներական անձնակազմի հետ:
Գորիսում ընտրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է ապահով Հայաստանի մասին, որը դարձել է իր նախընտրական կարգախոսը: ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, ապահով Հայաստանի մասին իր և բոլոր հավաքվածների պատկերացումների մեջ հազիվ թե մեծ տարբերություն լինի, քանի որ բոլորն էլ նույնն են ցանկանում՝ խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, արժանավայել վաստակ, որակյալ կրթություն և առողջապահություն։ Ըստ Սերժ Սարգսյանի, այս ամբողջի հավաքականությունն է կոչվում «Ապահով Հայաստան»։ Նախագահի թեկնածուն իր առաջարկած ծրագրի հիմնական արժեքը համարել է բազմակողմանիությունը և ընդգծել, որ մեր հասարակության և պետության առջև ծառացած խնդիրները լուծվում և լուծվելու են համակողմանի ու ամբողջական՝ դիտարկվելով որպես մեկ ամբողջի մասեր, որտեղ յուրաքանչյուր բաժին լրացնում է մյուսին, և որևէ ոլորտում արձանագրված հաջողություն արտացոլվում և դրական ազդեցություն է ունենում մնացած բոլոր ասպարեզներում:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում, շարունակվելու և ավելանալու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնցից մեկն էլ՝ Գորիսի սրտաբանական կենտրոնի բացումը, այսօր կյանքի կոչվեց:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը սյունեցիների հետ իր հանդիպումներում հանգամանորեն անդրադարձել է կրթության, առողջապահության, տարածքների համաչափ զարգացման, անվտանգության ապահովման և մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքին ու նախատեսված ծրագրերին:
Սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Սյունիքի բնակիչների համար, ովքեր շատ մոտիկից են ծանոթ պատերազմի արհավիրքներին, Սերժ Սարգսյանի համոզմամբ, առաջին հերթին կարևոր է անվտանգության ապահովումը: «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը միտված մեր գործողություններն ուղղվելու են առաջին հերթին ազգային անվտանգությանն սպառնացող առկա և հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանն ու չեզոքացմանը, մեր ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու սպառազինմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ շարունակվելու են հետևողականորեն ընդլայնվել անվտանգության ապահովման շրջանակները՝ ուղղված քաղաքացու, ընտանիքի, ազգի և պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Սյունիքի մարզում ընտրողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները կշարունակվեն նաև հունվարի 23-ին: