Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
12.09.2012
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը: Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Խորհրդի անդամները քննարկել են նաև 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի և հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 09-ին հանրապետությունում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները: «Ինը համայնքներում եղել են վերահաշվարկման պահանջով բողոքարկումներ՝ հինգը կապված են եղել համայնքի ղեկավարների ընտրության հետ, չորսը՝ ավագանիների ընտրության: Շահագրգիռ կողմերի ներկայությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ տեղի է ունեցել վերահաշվարկ, և որևէ շեղում չի հայտնաբերվել: Ընդ որում, ստուգվել են նաև ներկայացված այն մարդկանց ցուցակները, ովքեր Հայաստանի Հանրապետությունից բացակայում են, բայց, չգիտես ինչու, իբր մասնակցել են քվեարկությանը: Այդպիսի գեթ մեկ դեպք չի հայտնաբերվել:
Ցանկանում եմ նշել նաև, որ Անվտանգության խորհրդի այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած ավելորդ շահարկումներ չլինեն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: