Ելույթներ և ուղերձներ

«Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ

16.09.2025

 

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։
Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում, լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար՝ վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան:
1. Ազգային անվտանգություն.
ռազմավարության ձախողում և կապիտուլացիա
Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է՝ ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման, ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում.
• Արցախի կորուստը։
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և անգործություն:
Այս ամենը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից իրականացված ձախողված ռազմական և դիվանագիտական քաղաքականության ուղղակի հետևանքն է:
• Ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը:
ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն և պետական մտածողություն՝ հայ ռազմագերիներին, ինչպես նաև պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից վերադարձնելու հարցում։ Ավելին՝ կառավարությունը ցուցաբերել և ցուցաբերում է հանցավոր անգործություն այս հարցում: Սա անուղղակի մեղսակցություն է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։
• ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում:
ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ՝ Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերաբար ոտնձգությունների և ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներխուժումների հետևանքով։
2021 թվականից սկսած՝ թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրավել տարածքներ ՀՀ սահմանամերձ շրջաններում, և դա կատարվել է ՀՀ կառավարության բացահայտ անգործության ու անփութության պայմաններում։
Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։
Ավելին՝ բազմիցս արված հայտարարությունները, որ ՀՀ տարածքում օտար զինված ուժերի ներկայությունը «վիճարկելի սահմանների խնդիր» է, կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գոյությունը:
Սա պետական ինքնիշխանության թուլացման և տարածքային ամբողջականության խաթարման անհերքելի վկայություն է։
• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի տապալումը
Ըստ կառավարության ծրագրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կոչված է ծառայել Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և պետք է լիներ կառավարության առաջնահերթությունների շարքում: Այս տարիներին կառավարության իրականացրած քաղաքականությունը տրամագծորեն հակառակ է իր ծրագրին: Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
2. Արտաքին քաղաքականություն՝ արկածախնդրություն և զիջում
Գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկրի դիրքերը էապես թուլացել են։
• Միակողմանի զիջումներ:
Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող՝ միակողմանի զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը, որը քողարկվում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության խաչմերուկի» կեղծ հռետորաբանությամբ, իրականում աղերս չունի կայուն, երաշխավորված, երկարաժամկետ, արժանապատիվ խաղաղության հաստատման հետ: Այս քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ:
Հայաստանը կորցրել է իր երբեմնի ամուր դիրքերը բանակցային գործընթացում, իսկ միջազգային դերակատարները հայկական շահերը սկսել են ընկալել որպես երկրորդական՝ խուսափելով Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություններին հստակ արձագանքելուց:
• Դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում և մեկուսացում:
Հայաստանի հարաբերությունները, ՀՀ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով, վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ՝ առանց բավարար և կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման։ Անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեկուսացված վիճակում:
3. Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ
Կառավարությունը համակարգված կերպով և անթաքույց քանդում է ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում.
• Քաղաքական բանտարկյալների առկայություն։
Արդարադատության գրոտեսկային ընկալումներով գործող իշխանությունները դատական համակարգը հարմարեցրել են իրենց քաղաքական հակառակորդներին՝ քաղաքացիական ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, իշխանությանը ակտիվ քննադատողներին և այլախոհներին հետապնդելու, թիրախավորելու, անհիմն ազատազրկելու համար: Ակնհայտորեն մերժվում է այլակարծությունը: Խաթարված է ժողովրդավարական ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը, ինչը հանգեցրել է իրավական պետության սկզբունքի աղճատմանը, հիմնարար ազատությունների սահմանափակմանն ու քաղաքական հետապնդումների աճին: Քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների առկայությունը, ինչպես նաև քաղաքական բանտարկյալների վերաբերյալ փաստացի վիճակագրությունը, վկայում են օրենքի ընտրովի կիրառման և արդարադատության գործառույթի քաղաքականացման մասին։ Այս երևույթները բացահայտ հակասում են Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ազատության, արդար դատաքննության և իրավահավասարության սկզբունքներին, և ակնհայտորեն վկայում են Հայաստանի՝ ժողովրդավարությունից նահանջի ու ավտորիտարիզմի մասին:
• Հիմնարար ազատությունների սահմանափակում։
Հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի, հավաքների և մամուլի ազատության վրա իշխանության կողմից համակարգված հարձակում է տեղի ունենում, որն արտահայտվում է լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների, բռնության և քաղաքական դրդապատճառներով դատական հայցերի միջոցով: Այն ուղեկցվում է այդ ազատությունների սահմանափակումը խրախուսող պետական հռետորաբանությամբ:
Հրահանգավորված կերպով քաղաքացիական խաղաղ հավաքների անօրինական սահմանափակումներ են տեղի ունենում ՝ հաճախ կիրառելով անհամաչափ ուժ և բռնաճնշումներ: Սա կաշկանդում է հանրային դիսկուրսը և հակասում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի համապատասխան հռչակագրերին։
4. Ծաղկող կոռուպցիա և հովանավորչություն
Կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլ նույնիսկ չի էլ նվազել. այն վերաբաշխվել է «հեղափոխական» էլիտայի ներկայացուցիչների միջև:
Կոռուպցիայի դեմ կառավարության պայքարը իմիտացիա է, որի ներքո կոռուպցիան դարձել է համակարգային, համատարած և անպատիժ: Թափանցիկության խոստումների ներքո, գործող վարչակազմը ստեղծել է աննախադեպ կոռուպցիայի միջավայր, որտեղ շահութաբեր պետական պայմանագրերը և արտոնությունները տրամադրվում են օլիգարխների և հավատարիմների շրջանակին: Նախկինում հռչակված հակակոռուպցիոն հանձնառությունները՝ հիմնված թափանցիկության, օրենքի գերակայության և ինստիտուցիոնալ վերահսկողության վրա, փաստացի վերածվել են ձևականության, իսկ իրական կյանքում Հայաստանը առերեսվում է կոռուպցիայի և հովանավորչության նոր որակի՝ կենտրոնացված, անպատիժ և քողարկված համակարգի հետ։
Այս հանգամանքները խոչընդոտում են ՀՀ կառավարման համակարգի զարգացմանը, խաթարում տնտեսության ազատ մրցակցային հիմքերը և լրջագույն սպառնալիք են Հայաստանի պետականության ինստիտուցիոնալ կայունության համար։
• Հաշվետվողականության բացակայություն։
Բարձրաստիճան պաշտոնյաները գործում են անպատժելիորեն, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները օրենքները զենք են դարձել քաղաքական հակառակորդների դեմ, այլ ոչ թե օգտագործվում են կաշառակերության դեմ իրական պայքարի համար։
Ստեղծված իրավիճակը վկայում է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների թերի կիրառման, այլ նաև այն մասին, որ պետական վերահսկողության մարմինները դարձել են քաղաքական ազդեցության գործիք՝ զուրկ ինստիտուցիոնալ անկախությունից։
• Կադրային քաղաքականությունը վերից վար հիմնված է ոչ թե արժանիքների, այլ ծառայամտության վրա, ինչն առավել բարոյազրկում և կազմաքանդում է պետական կառավարման համակարգը։ Սա խաթարել է պետական կառույցների արդյունավետությունը, նվազեցրել քաղաքացիների վստահությունը պետական ծառայության նկատմամբ և խորացրել պետական համակարգի բարոյալքվածությունը։
5. Տնտեսության անկում և սոցիալական հուսահատություն
Երկրի սոցիալ-տնտեսական կառուցվածքը ձևախեղվել է.
• ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը վերջին տարիներին բնութագրվում է կառավարման անարդյունավետությամբ, տնտեսական ռազմավարության բացակայությամբ և սոցիալական անհավասարության խորացմամբ։
Տնտեսությանն ու սոցիալական համակարգին ուղղված պետական քաղաքականությունը չի ապահովում կայունություն, ներառական աճ կամ բնակչության կենսամակարդակի էական բարելավում, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացել են խորքային կառուցվածքային խնդիրներ։
Տնտեսությունը կաթվածահար է անապահովության, զանգվածային արտագաղթի և ներդրողների վստահության փլուզման պատճառով: Կառավարությունը չունի տնտեսական կայունացման կամ աճի համար որևէ հետևողական ծրագիր և հստակ ռազմավարություն, ինչը հանգեցնում է աղքատության և գործազրկության փաստացի աճի։
Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին՝ տնտեսական իրականությունն այլ է և բնութագրվում է բնակչության մեծ մասի գնողունակության շարունակական անկմամբ, գործազրկության և աղքատության խորացմամբ,ինչպես նաև արտագաղթի բարձր տեմպերով, որոնք պայմանավորված են աշխատանքի, սոցիալական պաշտպանության և ապագայի հեռանկարի բացակայությամբ։
• Մարդասիրական ճգնաժամ։
Պետությունը՝ ի դեմս գործող կառավարության, լրջորեն ձախողել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140,000 մեր հայրենակիցների սոցիալական պաշտպանվածությանը, հումանիտար աջակցմանը և երկարաժամկետ ինտեգրման քաղաքականությանը միտված ծրագրերը։ Չկան ամբողջական ռազմավարական մոտեցումներ և տեղային համակարգված ծրագրեր, որոնք կապահովեն նրանց կենսապահովման նվազագույն պայմանները, աշխատանքի և կրթության հասանելիությունը, բժշկական և սոցիալական ծառայությունները։ Այս իրավիճակը ոչ միայն խորացնում է փախստականների մարդկային ողբերգությունը, այլև ցույց է տալիս պետության անպատրաստ լինելը ազգային ճգնաժամերին համարժեք արձագանքելու առումով։
Բոլոր ուղղություններով այս համապարփակ ձախողումը պատահական չէ: Այն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների և անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է: Նրա հանցավոր սխալները հանգեցրին Արցախի կորստին: Նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է մեր ռազմագերիների առկայությանը: Նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը: Նրա վարչակազմը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ: Նրա տնտեսական անարդյունավետ կառավարումը լրջագույն տնտեսական խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանի Հանրապետությանը։
Հետևաբար, մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։
Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն և սոցիալական ապահովություն, ցույց է տալիս նրա հիմնարար անգործունակությունը և տեսլականի բացակայությունը։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։
Ուստի, մենք հայտարարում ենք, որ այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.
1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։
2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝
• կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,
• վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,
• վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,
• կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,
• կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,
• զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,
• միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։
Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները:

← Վերադառնալ ցուցակին