Ելույթներ և ուղերձներ
ԵՍ ՇԱՏ ԿՈՒԶԵԻ ԻՄԱՆԱԼ, ՕՐԻՆԱԿ` ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ Է ԱՅԴ ՄԱՍԻՆ
17.08.2024
Երկարատեւ ազատազրկման դատապարտված անձանց օրենքը թույլատրում է վաղաժամկետ ազատ արձակել կամ ՀՀ նախագահի հրամանագրով ներում շնորհել` եթե նրանք պատշաճ վարք են դրսեւորել: Սահմանադրության 135–րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1 մասով ՀՀ վարչապետը դիմում է ՀՀ նախագահին, եւ նախագահն է վերջնական որոշում կայացնում: Անցած տարի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներում է շնորհել 2 անձի: Իսկ վաղաժամկետ ազատ արձակումն իրականացվում է ՔԿՀ-ների, հատուկ հանձնաժողովների եւ դատարանի որոշմամբ:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողները պարբերաբար դիմում են վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով: Մի քանի տարի առաջ Նաիրի Հունանյանն էր դիմել, հետո նրա եղբայրը` Կարեն Հունանյանը: Անցած տարի հունիսին Կարեն Հունանյանը ներում ստանալու համար դիմել էր ՀՀ նախագահին, սակայն մերժում ստացել:
Մի քանի օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ նա կրկին դիմել է ներման խնդրանքով: Արդարադատության նախարարությունն այս անգամ, չգիտես ինչու, ոճրագործության զոհերի հարազատներին, բոլոր տուժողներին նամակներ է ուղարկել` տեղեկացնելով, որ նման դիմում են ստացել Կարեն Հունանյանից եւ առաջարկել էր կարծիք հայտնել: Մենք նման պրակտիկայի մասին չենք լսել, որ տուժողներին նամակներ ուղարկվեն, թե` ձեզ վնասներ պատճառած, ձեր հարազատներին սպանած անձը նման դիմում է գրել` ի՞նչ կարծիքի եք այս մասին:
Մենք զրուցել էինք Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ մոտ 10 էջից բաղկացած նամակ է ստացել Արդարադատության նախարարությունից, որտեղ նամակի պարունակությունը եղել է ընդամենը մի քանի նախադասություն, մնացածը հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների անուն-ազգանունների թվարկումն է:
Մենք զրուցեցինք նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ, ով 1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճում էր եղել, նա ահաբեկչության արդյունքում վիրավորված 8 անձանց շարքում էր: Հարցին` ի՞նչ կարծիք ունեք Կարեն Հունանյանին ներում շնորհելու մասով և առհասարակ կա՞ նման պրակտիկա՝ զոհերի իրավահաջորդներին նման հարց ուղղելու, նախկին պատգամավորը նշեց.
«Այստեղ ամենակարևորը զոհերի հարազատների կարծիքն է: Իմ կարծիքով` հոկտեմբների 27-ին տեղի ունեցածը մեր պետության վրա այնքան խոր հետք է թողել, որ չեմ կարծում՝ կարելի է նրան կամ նրանց ներում շնորհել: Նրանք կասեցրել են մեր պետության զարգացումը և դրա համար պետք է իրենց պատիժը կրեն: Ես շատ կուզեի իմանալ, օրինակ` Վազգեն Սարգսյանի եղբայրն ի՞նչ կարծիք ունի այդ մասին: Ոչինչ չեմ ակնարկում, պարզապես զուտ հետաքրքիր է: Ինչ վերաբերում է հարազատների կարծիքը հարցնելուն, ապա այն խիստ իրավական խնդիր է: Ես կարող եմ ենթադրել, որ այլ գործերում, երբ, ենթադրենք, սպանություն է տեղի ունենում ընտանիքում` օրինակ հայրը սպանում է տղային, կամ հակառակը, գուցե լինի նման պրակտիկա, բայց սա հանցանք է պետության նկատմամբ», - նշեց նա:
Մենք նաև դիմեցինք Արդարադատության նախարարություն` հասկանալու համար, թե հոկտեմբերի 27-ի գործով զոհերի իրավահաջորդների կարծիքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հունանյանին ներում շնորհելու հարցում եւ վերջապես` կա՞ նման պրակտիկա մեզանում, որ տուժողի կարծիքը հարցնեն ներում շնորհելիս կամ վաղաժամկետ ազատ արձակման ժամանակ, նախարարության խոսնակը հերթապահ պատասխան տվեց, թե` այդ հարցին կարող են պատասխանել բացառապես գրավոր եղանակով:
Ստորև ներկայացնում ենք 1999-ի հոկտեմբերի 27-ի իրավահաջորդներին ուղարկված նամակը, որտեղ Արդարադատության նախարարությունը հարցնում է նրանց կարծիքը Կարեն Հունանյանին ներում շնորհելու վերաբերյալ. «Հայտնում ենք Ձեզ, որ դատապարտյալ Կարեն Հրաչիկի Հունանյանը 2024 թվականի հուլիսի 10-ին ներման խնդրագիր է ներակայացրել արդարադատության նախարարություն: «Ներման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք/5-րդ հոդվածի 2.1 մասի համաձայն «մարդու դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում մինչև անձնական գործը վարչապետին ներկայացնելը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին։ Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ շնորհումը մերժելու մասին առաջարկությունը հանրապետության նախագահին ներկայացնելը կամ ներումը մերժելու վերաբերյալ, կարող է կարծիք ներկայացնել։ Նշված ժամկետում կարծիք չներկայացնելն արգելք չէ ներման խնդրագիրը քննարկելու համար։
Ղեկավարվելով օրենքի 5-րդ հոդվածի 2.1 մասով՝ Դուք կարող եք գրավոր կարծիք ներկայացնել արդարադատության նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ։
Հարգանքով՝ պարտականությունները ժամանակավոր կատարող Տիգրան Հարեյան»:
Հայկ Գևորգյան
hraparak.am