Ելույթներ և ուղերձներ

Թուրքիան Բաքվի քմահաճույքներով չի շարժվելու . Շիրազ Խաչատրյան

11.08.2024

 Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում մի քանի գաղտնազերծում էր արել Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ: Մասնավորապես, նա ասել էր, որ ապաշրջափակման մասին կետը փոխադարձ համաձայնությամբ հանվել է խաղաղության պայմանագրից:

«Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի, ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում: Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»,- գաղտնազերծել էր Ամիրբեկովը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր տեղեկությունը, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը:

«Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը խնդրահարույց է համարում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի դուրսմղումը հնարավոր խաղաղության պայմանագրի նախագծից:

«Եթե երկու կողմերը հաստատում են, որ ապաշրջափակման մասին դրույթն էլ է դուրս եկել, այդ փաստաթղթում ի՞նչ է մնացել։ Արցախի հարցն ի սկզբանե որոշվել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում քննարկման առարկա չէ, երկրորդ հարցը կոմունիկացիաների հարցն էր, հիմա, քանի որ համաձայնություն չկա դրա շուրջ, փոխադարձ համաձայնությամբ դա էլ է հանվել: Այսինքն, այն կետերը, որոնց շուրջ համաձայնության չեն հասել կողմերը երկարատև բանակցությունների արդյունքում, հատ-հատ հանում են, վերջում ունենալու ենք կես էջանոց մի թուղթ, որն անկախ նրանից՝ կանվանեն խաղաղության պայմանագի՞ր, թե՞ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, այն ինքնին որևէ հիմնարար փաստաթուղթ չենք կարող համարել, քանի որ ունենում ենք հետագային թողնված չլուծված հարցեր, ինչը նշանակում է՝ համաձայնության բացակայություն: Այսինքն, ստորագրման դեպքում գործ ենք ունենալու մի ձևական փաստաթղթի հետ, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է՝ մանիպուլացնելու հասարակությանը, թե իբր Ադրբեջանի հետ կարողացել է խաղաղության պայմանագիր կնքել, մինչդեռ պատերազմի վտանգը մնալու է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ըստ էության, այսօր ֆեյսբուքյան իր գրառման մեջ նույն միտքն է արտահայտել։

«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը և հանուն դրա պատրաստ ցավոտ զիջումների:

Այս հարցադրումը վերջին շրջանում առավել ակտուալ դարձավ, երբ պարզվեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստից հանվել և առանձին քննարկման է դրվել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը:

Չի բացառվում, որ մի փուլում էլ սահմանների ճշգրտման դրույթը փաստաթղթից հանեն ու թողեն առանձին բանակցությունների առարկա:

Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը: Սրանց խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թե խաղաղություն է բերել, ու դա այն դեպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո:

Ու այս դեպքում կապ էլ չունի, թե «խաղաղություն» կոչվող փաստաթղթի մեջ ինչ է դրված կամ գրված: Սրանց համար կարևորը ոչ թե խնդիրներ կարգավորելն է, այլ մարդկանց մոլորության մեջ գցելով՝ իշխանություն պահելն ու վերարտադրվելը»,- նշել է պատգամավորը:

Իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին հիշեցնել իր համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին:

Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարության տեսակետներին և ծրագրերին քաջածանոթ ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում նշել է.

«Ադրբեջանը պահանջում է հատուկ ռեժիմ «Զանգեզուրի միջանցքի» համար: Այսինքն, մյուս բոլոր ճանապարհները, տրանսպորտային ուղիները պետք է այլ ռեժիմով գործեն, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կամ զանգեզուրյան ճանապարհը պետք է այլ ռեժիմով աշխատի՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ՝ երկաթուղային, ինչը վերաբերելու է Ադրբեջանի քաղաքացիներին և բեռներին՝ Զանգելանից Օրդուբադ: Այս թեմայով մենք անհամաձայնություն ունենք: Ադրբեջանն ասում է՝ առանց հատուկ ռեժիմով աշխատող «Զանգեզուրի միջանցքի»՝ չի բացվելու ոչ մի այլ բան, ոչինչ: Եթե չի բացվում ոչինչ, չի բացվում նաև հայ-թուրքական սահմանը»:

Իսկ 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում միշտ են խոսել «Զանգեզուրի միջանցքի» հատուկ ռեժիմով կարգավիճակի մասին, այլ հարց է՝ ադրբեջանական կողմը կարո՞ղ է լիովին ազդել հայ-թուրքական քննարկումների, որոշումների վրա, թե՞ ոչ։

«Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շատ ներդաշնակ են գործակցում: Գուցե կամ այո: Բայց դա դեռ հիմք չէ, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ կամ սցենար, երբ Ադրբեջանը խոշոր խաղացողներին, մասնավորապես՝ Թուրքիային թելադրի, թե ինչ կարող է անել։

Ընդհակառակը, Թուրքիան շատ մեծ ազդեցություն ունի՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Վրաստանի վրա, և իր «փափուկ» քաղաքականությամբ փորձում է իր ազդեցության գոտին ընդլայնել նաև Հայաստանի հաշվին: Իսկ այդ պարագայում, հավատացեք, նույնիսկ Բաքվի քմահաճույքներով չի շարժվելու՝ իր դիրքերն ամբողջ Հարավային Կովկասում տարածելու ճանապարհին։ Պետք է նաև զուգահեռներ տանել հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների՝ ապաշրջափակման հարցը «խաղաղության փաստաթղթից» հանելու որոշման և հուլիսի 30-ին տեղի ունեցած հայ-թուրքական հանդիպման ու պայմանավորվածությունների միջև։

Այստեղ կարող ենք տեսնել թուրք և ադրբեջանական շահերի միջև որոշակի հակադրություններ, նույնիսկ՝ պաշտոնական հայտարարությունների ու հաղորդագրությունների մակարդակով դա ակներև է։

Եթե կարճ՝ որքան էլ Թուրքիան հայտարարի, որ առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերջնական կարգավորման հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու հեռանկար չունեն, միևնույն է՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու, միջանցքի բացման «քավորությունն» անելու, Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղին փաստացի իր վերահսկողության տակ պահելու համար, Թուրքիան ամեն քայլի կդիմի՝ իր ընդլայնողական այդ քաղաքականությունն ինքնուրույն առաջ մղելու համար, այդ թվում՝ հաշվի չառնելով նաև ադրբեջանական կողմի նախապայմանները։

Իսկ թե այս պարագայում ինչ պետք է անի Հայաստանը, կարողանո՞ւմ է արդյոք հայկական շահը գոնե չնչին ձևով առաջ տանել, հատկապես այս իրավիճակում, դա արդեն լրիվ այլ քննարկման թեմա է»,- մանրամասնեց փորձագետը:

Ի դեպ, ադրբեջանցի քաղաքագետը վերոնշյալ հարցազրույցում հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, և ակնարկել, որ ըստ այդ հայտարարության՝ Ռուսաստանն ապաշրջափակման գործընթացի կողմ է:

 

Իսկ Իրանն իր հերթին՝ շարունակում է Հայաստանին զգուշացնել՝ Իրանը կողմ է ապաշրջափակմանը, բայց դա պետք է տեղի ունենա բացառապես Երևանի ինքնիշխանության ներքո:

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին