Ելույթներ և ուղերձներ

ՀՀԿ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.04.2024

 Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին:

Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տպալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից:
Միաժամանակ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները: Ավելին՝ այն լեգիտիմ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն հակասում է գործող իշխանությունների նախընտրական, ապա նաև Կառավարության ծրագրերում ամրագրված դրույթներին: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, վստահաբար, տեսանելի ու ընկալելի պիտի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար:
Ի դեպ, այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:
Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի միայն ու միայն լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի:
Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք.
- Հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով:
- Դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով:
Միաժամանակ, կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը (մասնավորապես ԵՄ և ԱՄՆ գործընկերներին) առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը:

← Վերադառնալ ցուցակին