Ելույթներ և ուղերձներ

ԻՆՉՈՎ ԷՐ 2016-Ը ՏԱՐԲԵՐՎՈՒՄ 2020-ԻՑ

01.03.2024

 Շատերը չեն կարողանում մարսել 2020 թվականի խայտառակ պարտության փաստը` չեն հասկանում, թե ինչու այդպիսի անփառունակ ելք ունեցավ պատերազմը, չէ՞ որ մեր երիտասարդներն անձնազոհաբար մարտի էին նետվում: Իրականում` բանակի պատրաստվածության ու զենքի մեջ չէր խնդիրը, այլ անկազմակերպ, պառակտված ու անմիաբան հասարակության: Մենք փորձեցինք ետ նայել, թե 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ինչ արվեց, որ հնարավոր եղավ կասեցնել ագրեսիան, իսկ 2020-ին ինչ չարվեց, եւ ուշագրավ մանրամասներ գտանք խորհրդարանի այդ օրերի արխիվում:

 
2016 թ. ապրիլի 4. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացում է նիստը ադրբեջանական ագրեսիայի մասին խոսքով, ապա հայտարարում է. «Այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների հետ ունեցել ենք քննարկումներ, եւ ԱԺ բոլոր խմբակցությունները, խմբակցություններում չընդգրկված պատգամավորները միասին ընդունել ենք հայտարարություն, թույլ տվեք ընթերցել»: Բնականաբար, դատապարտում են ագրեսիան, շեշտում, որ «Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես եւ վտանգավոր ուղու վրա»:
«Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է ԼՂ ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունն ամեն գնով պահպանելու մտասեւեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր եւ միջազգային հանրության ուշադրությունը եւ չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր... Բարձր ենք գնահատում ԼՂ պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսեւորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաեւ մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը... Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային կազմակերպություններին՝ հասցեական եւ համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից եւ տարածաշրջանն ապակայունացնող քայլերից խուսափելու համար: Ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն՝ դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը, եւ կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:
 
Սակայն առավել ուշագրավ է հաջորդ օրվա նիստը, որտեղ խոսվում է ԱԺ-ի անելիքների, Արցախին օգնելու մասին, եւ այստեղ բոլորը` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, միասնական են, որեւէ հեգնանք ու պառակտում, որեւէ մեղադրանք ու չարախնդում չկա, ի տարբերություն այսօրվա:
 
Նորից խոսում է Շարմազանովը. «Պետք է նշեմ, որ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: Պետք է շեշտեմ, որ բազում են այն պատգամավորները, մեր քաղաքացիները, ովքեր ցանկանում են ֆինանսական եւ այլ տիպի օգնություն, օժանդակություն ցուցաբերել մեր սիրելի արցախահայությանը: Տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունը ստեղծել է նմանատիպ շտաբ, Արցախբանկում բացվել է հաշվեհամար: Կան պատասխանատուներ, ովքեր զբաղվում են պարենային պատասխանատվությամբ, եւ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ցանկություն ունեն, իսկ ես գիտեմ, որ ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր արդեն ուղղվել են պատգամավորներ` օժանդակությամբ եւ օգնությամբ, առաջինը՝ նաեւ ֆինանսական եւ պարենային, կարող են դիմել նաեւ մեզ, մենք կարող ենք տալ ե՛ւ հաշվեհամարները, ե՛ւ այն կոորդինատները, որպեսզի ամեն ինչ լինի համակարգված: Եվս մեկ անգամ Արցախի ղեկավարության անունից ուզում եմ փոխանցել բոլորիդ, որ նրանք հպարտ են այն միասնությամբ, որը կա թե՛ մեր հանրության մեջ, թե՛ մեր քաղաքական բոլոր ուժերի շրջանում: Երկրորդը․ երեկ պրն Լ. Զուրաբյանը եւ տիկին Ն. Զոհրաբյանն առաջարկեցին կազմակերպել փակ քննարկումներ: Ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել, զրուցել եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ, եւ այսօր, 18:30-ին այս դահլիճում, բոլոր պատգամավորների մասնակցությամբ, չենք ասում` ֆրակցիաների նախագահներ կամ հանձնաժողովի նախագահներ. բոլորի մուտքը ցանկալի է, որպեսզի լինեն այդ քննարկմանը 18:30-ին: Կլինեն փակ քննարկումներ, որին կմասնակցեն պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, եւ կքննարկենք այդ հարցը»:
 
Նույն օրը ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ է, որ այն ագրեսիան ու բառամթերքը, որ նա այսօր օգտագործում է նախկինների, ընդդիմության, բանակի, պատերազմին մասնակցող մարդկանց հասցեին, բացակայել է այդ ելույթից: Խորհրդարանում եւ երկրում տիրող միասնականության մթնոլորտն անգամ նրան է փոխել եւ ստիպել, որ բոլորովին այլ ելույթ ունենա.
 
«Տիկնայք եւ պարոնայք, ապրիլի 3-ին եւ 4-ին մի խումբ գործընկերների հետ եղել եմ ԼՂ-ում եւ կա մի ասելիք, մի հանգամանք, որի մասին հարկ համարեցի կիսվել ԱԺ ամբիոնից։ Ղարաբաղում պարզապես լեգենդներ են պտտվում ՀՀ ԶՈՒ 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական, հոգեբանական պատրաստվածության մասին: Եվ այդ լեգենդները պտտվում են  ոչ թե փիառ գործիք, այլ դրանք հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել կոնկրետ վայրում, կոնկրետ օրը, կոնկրետ ժամի, կոնկրետ մարդկանց կողմից։ Մարտական ուղի անցած հրամանատարներն ասում են, թե դժվար է գիտակցությամբ հասկանալ, թե ի՞նչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա, 20-ամյա այդ տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնեն  մի քանի անգամ  թվաքանակով իրենց գերազանցող հակառակորդի առաջ, այլեւ հետ շպրտեն նրանց կամ կռվեն մինչեւ արյան վերջին կաթիլը։ Սա թերեւս ամենահզոր գործոններից մեկն է, որ Ադրբեջանի զորքին, ավելի ճիշտ, Իլհամ Ալիեւին թույլ չի տվել իրականացնել իր բլից-կրիգը եւ տարածքներ նվաճել, օկուպացնել ԼՂՀ-ից: Եվ ես այս ամբիոն բարձրանում եմ ուղղակի մի քանի կամ մեծ թվով ԼՂՀ-ի քաղաքացիների խնդրանքով, ովքեր խնդրել են ինձ ԱԺ ամբիոնից իրենց երախտիքի, առաջին հերթին, իհարկե, կսկիծի, բայց ավելի կարեւոր է՝ երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի մարզի եւ Երեւանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին եւ մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ, այդպիսի զինվորներ, այդպիսի զավակներ, են դաստիարակել»:
 
Արեգ Մարգարյան
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին