Ելույթներ և ուղերձներ
Նիկոլական իշխանությունը կործանում է պետությունը. ձախողված կառավարություն
13.11.2023
Հայաստանի անվտանգային ահագնացող խնդիրների այսօրվա վիճակը գնահատելու համար նախ անհրաժեշտ է որոշել, թե որ ժամանակահատվածի անվտանգային խնդիրների հետ դրանք պետք է համեմատել: Այս առումով ամենատրամաբանականն, իհարկե, 2018թ. իշխանափոխությանը նախորդող ժամանակահատվածի հետ համեմատություններն են, քանի որ բազմաթիվ են փաստերն այն մասին, որ հենց 2018 թ. իշխանափոխությունն, ինչպես շատ այլ բնագավառների, այնպես էլ անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության համար դարձավ կործանարար ընթացքի սկիզբ: Սակայն 2018թ.-ի հետ համեմատությունների վերաբերյալ այսօրվա իշխանություններն առաջ են քաշում կեղծ փաստարկ այն մասին, որ 2021թ. ընտրությունների ժամանակ 2018թ.-ից իշխող ՔՊ կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը, հետեւաբար իշխանության տերը՝ ժողովուրդը գոհ է եղել մինչ այդ իրենց վարած քաղաքականությունից:
Այս փաստարկը կեղծ է առնվազն երկու պատճառով, նախ 2021թ.-ի ընտրությունների ժամանակ ժողովրդի մեծամասնությունը դեռ գտնվում էր գունավոր հեղափոխություններին բնորոշ պատրանքների ու 44-օրյա պատերազմին հաջորդած խորը դեպրեսիայի ազդեցության տակ, եւ երկրորդը՝ այդ ընտրություններին իշխող ՔՊ կուսակցությունն ամենալկտի ձեւով խաբել է ընտրողներին առնվազն Արցախի ու արցախահայության անվտանգության վերաբերյալ կարեւորագույն հարցերում: Հոդվածում կդիտարկվեն ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում ու 2021-2026թթ. կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգային հարցերին վերաբերող ձեւակերպումների իրականացումը:
Նախ մեջբերենք ՔՊ նախընտրական ծրագրից Արցախի ու արցախահայության վերաբերյալ երեք կարեւորագույն դրույթ. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Խորացնելու ենք համագործակցությունն Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:
Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների եւ զանգվածային ոճրագործությունների հետեւանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո։
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին այս կարեւորագույն դրույթների ներառումը ՔՊ նախընտրական ծրագրում ու դրանց չընդգրկումը ՔՊ բացարձակ մեծամասնությամբ ձեւավորված խորհրդարանի կողմից հաստատված 2021-2026թթ. կառավարության ծրագրում անառարկելիորեն վկայում է, որ նիկոլփաշինյանական ՔՊ-ն 2021թ. ընտրություններում առավել ձայներ ստանալու նպատակով կանխամտածված ձեւով ստորաբար մոլորեցրել է ընտրողներին ու խաբեությամբ գողացել ընդդիմության հասանելիք ձայները:
Ազնիվ պայքարի պարագայում այդ ձայները կգնային ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնց համար Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արցախահայության խնդիրներն եղել են ոչ միայն նախընտրական ծրագրերերի այլեւ խորհրդարանական գործունեության հիմնական հարցերը: Ուշագրավ է նաեւ 2021թ. ընտրություններից հետո անցած շուրջ երկուսուկես տարիների ընթացքում իշխանությունների կողմից 2021-2026թթ. կառավարության ծրագրում ներառված ՀՀ ու Արցախի անվտանգությանը վերաբերող դրույթների իրականացումը: Քանի որ հոդվածի սահմանները թույլ չեն տալիս ավելի մեծ ժամանակահատվածի անդրադառնալուն, կսահմանափակվենք ընդամենը վերջին ամիսներին իշխանությունների կողմից այդ ոլորտներում իրականացված մի քանի քայլերին ու առկա իրողությանը եւ պարզ կդառնա, թե ինչպիսի հակասության մեջ են դրանք գտնվում կառավարության ծրագրի սկզբունքների հետ:
Դիտարկենք այդ դրույթներից երեքը.
Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ բազմակողմ այլ ձեւաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը եւս կարեւորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
Հայաստանը 2023թ. սեպտեմբերին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, իր վրա վերցնելով ՀՀ տարածքում այդ դատարանի որոշումների կատարման պարտականությունը: Մինչ այդ, 2023թ. մարտին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել՝ պատերազմի գոտուց անվտանգ տարածքներ տեղափոխված երեխաներին «արտաքսելու» համար։ Արեւմտյան մայրաքաղաքներում, բնականաբար, շատ բարձր գնահատեցին Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
Իրեն երկար սպասեցնել չտեւեց նաեւ Ռուսաստանի արձագանքը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների համար կանխատեսելի էին Հռոմի ստատուտի վավերացման արդյունքում Արեւմուտքից ու Ռոսաստանից ստացվելիք արձագանքները: Ռազմավարական դաշնակցի ու նրա նախագահի նկատմամբ այդպիսի թշնամական քայլով Հայաստանի իշխանությունները հերթական անգամ վատացրեցին առանց այդ էլ լարված հայ-ռուսական հարաբերությունները, ինչն իր առարկայական հետեւանքները չունենալ չի կարող, դրա դիմաց Արեւմուտքից ընդամենը լսելով քաջալերանքի խոսքեր: Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ միայն ակնհայտորեն հակասում էր կառավարության ծրագրի վերը նշված դրույթին, այլեւ վկայում էր պետության անվտանգային վեկտորի փոփոխման միտումների մասին: Հարկ է նաեւ նշել, որ քաջատեղյակ լինելով Միջազգային քրեական դատարանի որոշումների նկատմամբ Ադրբեջանի անթաքույց արհամարհական վերաբերմունքից, ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացումը փորձում են բացատրել Ադրբեջանին այդ դատարանի որոշումներով պատասխանատվության ենթարկելու մտադրությամբ:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում հաջորդ խնդիրը ծագեց մեկ ամիս անց: ՀՀ վարչապետը հոկտեմբերին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր.
«Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ: Այս իրադարձությունները մեզ հանգեցրին որոշման, որ կարիք ունենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում, եւ հիմա փորձում ենք դա անել, հավելելով, թե նույն այդ պատճառով ինքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակվող ներկայության մեջ որեւէ առավելություն չի տեսնում»: Այս տեղեկատվության հրապարակումից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ասել էր, որ Կրեմլը ակնկալում է Երեւանի հետ անմիջական շփումներում ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի վարչապետի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես, թե նա ինչ նկատի ուներ՝ խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին: Ուկրաինական դեպքերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Կրեմլը չափազանց խանդով է վերաբերվում այլ ուժային կենտրոնների ազդեցության ոլորտները դեպի Ռուսաստանի սահմանները ընդարձակելու փորձերին: Այս առումով պատահական չէր, որ Պեսկովն անդրադառնալով նշված հարցազրույցին՝ շեշտադրել էր հենց անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին վարչապետի խոսքերը: Պեսկովի խոսքերում ակնհայտ ակնարկ կար այն մասին, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի կողմից իր անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի փորձերը՝ Հայաստանում այլ ուժային կառույցների ներթափանցումը, ծայրահեղ թշնամական կգնահատվի Ռուսաստանի կողմից ու կարող է Հայաստանը վերածել Արեւմուտք-Ռուսաստան ռազմական հակամարտության հերթական թատերաբեմի: Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ Իրանը եւս չափազանց բացասական վերաբերմունք ունի Հարավային Կովկաս ու մանավանդ Հայաստան այլ, հատկապես արեւմտյան ուժային կառույցների ներգրավման վերաբերյալ: Այսինքն՝ Հայաստանի անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի փորձերը ոչ միայն լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, այլեւ մեզ ակնհայտորեն կթշնամեցնեն մեր բարեկամ Իրանի հետ: Եթե ասվածին ավելացնենք, որ Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական եւ լիազոր ներկայացուցչին ու այդ պաշտոնում նոր նշանակում չի արել, տեւական ժամանակ է չի մասնակցում ՀԱՊԿ-ի զորավարժություններին, ՀԱՊԿ-ի վեհաժողովներին չի մասնակցում կամ մասնակցում է մյուս մասնակիցներից կարգավիճակով ցածր պաշտոնատար անձով, պատկերը կամբողջանա: Ակնհայտ է, որ Հայաստանի այսպիսի պահվածքը եւս հակասում է կառավարության ծրագրի վերը նշված դրույթին:
Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք: Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային եւ կենսական շահերի հաշվին: Նիկոլական իշխանությունների կողմից հետեւականորեն իրականացված քաղաքականության արդյունքում կառավարության ծրագրի այս դրույթն Արցախի մասով արդեն կորցրել է իր իմաստը, քանի որ Արցախի անվտանգային եւ կենսական շահերի պահպանման պարագայում տարածաշրջանում թշնամության հաղթահարում ու ապաշրջափակում արտահայտությունը Արցախի հայաթափումից հետո դարձել է անհասկանալի:
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգային ու կենսական շահերի պահպանման պարագայում տարածաշրջանում թշնամանքի հաղթահարմանն ու ապաշրջափակմանը, ապա պետք է արձանագրել, որ Թուրքիան ու Ադրբեջանը դա պատկերացնում են միայն Հայաստանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման պարագայում: Դրանց շարքում նրանք առնվազն տեսնում են 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության 9-րդ կետից բխող, իրենց տերմիններով՝ Մեղրիի միջանցքի բացումն ու Հայաստանում գտնվող ութ գյուղերի վերադարձը Ադրբեջանին: Միաժամանակ ավելի որոշակի են դարձել Արցախյան շարժման սկզբում Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ավելի քան 100000 անձանց Հայաստան վերադառնալու պահանջները: Այս շարքից յուրաքանչյուրի հարցում Հայաստանի զիջումն առաջացնելու է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նոր պահանջների առաջադրում, իսկ մերժումը՝ պատերազմի իրական սպառնալիք, ինչը գործընկերների հետ հետեւականորեն փչացրած հարաբերությունների պարագայում Հայաստանի համար հղի է կործանարար հետեւանքներով: Արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով: Ցավոք, նիկոլական ազգակործան պատուհասների իշխանության հետեւականորեն իրականացրած գործունեության արդյունքում կառավարության ծրագրի այս կետը եւս կորցրել է իր իմաստը: Արցախին բերած ողբերգությունից հետո միայն զայրույթ կարող է առաջացնել հետեւյալ նախադասությունը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը հասնելու համար Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ 2018-ին նիկոլականներին իշխանության են բերել երկու խնդիր լուծելու համար՝ Արցախի ադրբեջանականացում ու Հայաստանի էրմանիստացում: Առաջին խնդիրն այս ազգակործան պատուհասներն արդեն լուծել են ու հիմա ամբողջ թափով ձեռնամուխ են եղել երկրորդի լուծմանը:
Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՀԿ ԳՄ անդամ
168.am