Ելույթներ և ուղերձներ

Արցախը հանձնվել է բոլոր կողմերի լուռ համաձայնությամբ. ՀՀԿ ԵԿ

09.11.2023

 Սիրելի երիտասարդներ,

Երեք տարի առաջ այս օրը ստորագրվեց 44-օրյա պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունը: Պատերազմ, որը կարող էր չլինել, եթե 2018թ. մեր երկրի իշխանությունը խաբեությամբ չզավթեին փողոցից հայտնված ազգակործան պատուհասները:
Ազատ Արցախի վրա կախվեց գոյության հերթական կռվի վերահաս վտանգը: Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Սակայն չգիտեր, որ իր այդ իրավունքը կասկածի տակ դնողների շարքում է հայտվել նաև ՀՀ այսպես կոչված կառավարությունը:
Դավադրությունների շղթան մեզ բերեց հասցրեց նոյեմբերի 9-ի ամոթալի օրվան, որը հավերժ խարանի պես դաջվելու է հայ ժողովրդի պատմության էջերում:
Հայրենիքը հերոսաբսր պաշտպանած մեր տղերքը, 5000-ից ավելի մեր զոհված եղբայրները չէին կարող պատկերացնել, որ «թավշյա իշխանությունները» ևս ցինիկաբար կհանձնեն ողջ Արցախը և վտանգի առաջ կբացեն Հայաստանի բոլոր դռները:
Մենք այսօր հավաքվել ենք աշխարհին ասելու, որ հայոց հազարամյա բնակավայրերի և հայկական Արցախի դեմ կատարվածը ոչ մի կերպ չպետք է մոռացության մատնվի: Այն մեր բաց վերքն է:
2020 թվականի նոյեմբերի 9-ը դուռ է բացել ադրբեջանցիների կողմից հայկական Արցախն անպատիժ նվաճելու, իսկ կապիտուլյանտ իշխանությունների համար` Արցախը հանգիստ հանձնելու համար:
Ցեղասպանական աղետի առջև կանգնած և բռնի տեղահանված արցախահայությունը ենթարկվել է ամենաանարդար ու դաժան ճակատագրի: Փաստորեն ստացվում է, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխահի աչքի առջև կարելի է հայրենազրկել, և իրենց հազարամյա տներից վտարել մի ողջ ժողովուրդ:
Այսպես երբեք չէր լինի, եթե իշխանության ղեկին չլինեին Հայաստանի այս տխրահռչակ կառավարիչները:
Մենք այսօր, մեր լուռ երթով ցանկանում ենք ևս մեկ անգամ ասել, որ Արցախը հանձնվել է բոլոր կողմերի լուռ համաձայնությամբ:
Մեր ձեռքին են մեր հանձնված հայրենիքի հայկական բոլոր բնակավայրերի անվանումներով պաստառները: Կրկնում եմ ևս մեկ անգամ. հազարամյա հայկական բնակավայրերի անվանումները: Ադրբեջանն ու ադրբեջանցին չկային, երբ այս գյուղերն ու քաղաքները հազարամյակներով ծաղկում ու բարգավաճում էին որպես հայոց հայրենիք:
Հայկական Արցախի էջը փակել չի ստացվելու: Բանակցեք ձեր ստորացուցիչ պայմանները, ինչ կարող եք` արեք: Բայց Արցախի էջը միևնույն է փակել ու մոռացության մատնել չեք կարողանալու:
Հավերժ փառք մեր հայրենիքի համար պայքարած բոլոր հայորդիներին:

 

ՀՀԿ ԵԿ


 

← Վերադառնալ ցուցակին