Ելույթներ և ուղերձներ

Իշխանությունները վախենում են հայրենասեր, պայքարող մարդկանցից. Հայկ Մամիջանյան

16.10.2023

 Աշխարհում չկան երկրներ, որոնք ընդունում են, որ ունեն քաղբանտարկյալներ: Թեև ՀՀ գործող իշխանությունները ևս չեն ընդունում քաղբանտարկյալների գոյությունը, այդուհանդերձ, այդ մասին ահազանգում են հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ: Ավելին՝ միջազգային կոնկրետ կառույցներ ևս խոսել են այս խնդրի մասին, իսկ իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ պարբերաբար արձանագրել են  դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրները: Ընդամենն ամիսներ առաջ Amnesty International-ն էր  հրապարակել 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Միջազգային կառույցը մասնավորապես արձանագրել էր, որ Հայաստանում «իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ չափից ավելի ուժ են կիրառել, խոսքի ազատությունը սահմանափակվել է, քանի որ հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս» և այլն: Նմանատիպ արձանագրումներով զեկույց էր հրապարակել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը:

 

Ավելի վաղ Heritage Foundation-ի կողմից արձանագրված հետընթացն էր «Տնտեսական ազատության ինդեքս 2022»-ում, իսկ հետընթացի պատճառն իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերն էր.  վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»:

«2018 թվականից հետո, այդ թվում՝ նաև ամենատարբեր միջազգային կառույցների գնահատականներում ՀՀ-ում առկա է  դեմոկրատական հետընթաց. դա ֆիքսել է թե՛ Պետդեպը, թե՛ եվրոպական մի շարք կառույցներ:

Քաղբանտարկյալների թեման շրջանառվել է նաև Եվրոխորհրդարանի կողմից՝ այս կամ այն ձևակերպումներով, արձանագրումներով: Ամենանորը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կողմից հստակ ֆիքսումն է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, և  կոչը՝  ազատ արձակել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ի դեպ, նմանատիպ և շատ ավելի խիստ հայտարարություն եղել էր նաև  Կենտրոնամետ դեմոկրատների կողմից»,- նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Այս համատեքստում անդրադառնալով նաև «Վետօ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի կալանավորմանը, հանրային գործչի պարբերական թիրախավորմանը, Հայկ Մամիջանյանն արձանագրեց, որ նա նույնպես քաղբանտարկյալ է՝ ինչպես այսօր իրենց շատ գործընկերներ:

«Ակնհայտ է, որ իշխանությունները հատուկ սևեռում ունեն նաև Նարեկի վրա և ամեն ինչ կանեն, որպեսզի նա ազատության մեջ չլինի, որովհետև իշխանությունները վախենում են հայրենասեր, պայքարող մարդկանցից: Խոսք վերաբերվում է ոչ միայն Նարեկին, այլ մեր քաղբանտարկյալ մյուս գործընկերներին»,- հավելեց հանրապետական գործիչը:

Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել  անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար:

Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30-ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։

Զարուհի Դիլանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին