Ելույթներ և ուղերձներ
ՀՀ իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ունենալ. ՀՀԿ ԳՄ
28.09.2023
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել: Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամաքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները` այն ճանաչելով սահմանադրական:
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով Միջազգային Քրեական Դատարանի վերջին որոշումը Ռուսաստանի Դաշնության նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկախատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Իշխող մեծամասնության այն փաստարկը, որ Հռոմի կանոնադրության վավերացման հարցը օրակարգ բերելով՝ Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար, ամբողջությամբ սին է: Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով Հայաստանի դիմումը Միջազգային Քրեական Դատարանին` ադրբեջանական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցով, գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ: Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին:
Միաժամանակ Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Կառավարության մանիպուլյատիվ պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից, քանի որ այդ հոդվածը ընդհանրապես չի առնչվում ձերբակալման օրդերի հետ հապված հարցերին:
Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային Քրեական Դատարանի հետ: Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունը այս տարի դիմեց այդ դատարանին` Ռուսաստանի Դաշնության նախագահին ձերբակալելու բարդությունների հետ կապված, Միջազգային Քրեական Դատարանը որոշեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը և ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, պարտավոր է ձերբակալել Վ. Պուտինին, եթե Վ. Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում: Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:
28.09.23թ.